Էրդողանի առաջարկի հիմքում քաղաքական բովանդակություն չկա. վերլուծաբան
«Թուրքիան այսօր պատրաստ չէ իրական քաղաքական երկխոսության Հայաստանի հետ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Էրդողանի հայտնած աջակցությանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։ Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձամբ կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։
«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի, և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։
Թուրքիայի նախագահը Հայոց պատրիարքին առողջություն է մաղթել ու նաև հետաքրքրվել հայ համայնքի կարիքներով։ Ի պատասխան՝ Հայոց պատրիարքն ասել է, որ նախագահի կողմից կապ հաստատելը «թե իր, և թե իր ժողովրդի համար մխիթարական երևույթ է»։
Ջենգիզ Աքթարն ասաց, որ նման հաղորդագրությունները կարող է դրական գնահատել միայն այն ժամանակ, երբ դրանց ներքո նկատի իրական քաղաքական բովանդակություն։
Ըստ նրա, անկախ նման հաղորդագրության տարածումից և նման աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունից, Թուրքիան այսօր պատրաստ չէ իրական քաղաքական երկխոսության Հայաստանի հետ։ Դա, նրա համոզմամբ, չկա Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում, որի հերթական ապացույցն այս առաջարկի ձևն է։
«Նման իրավիճակներում աջակցություն հայտնելու ոչ պաշտոնական հայտարարություններով Էրդողանը փորձում է լցնել այն դատարկությունը, որը կա ՀՀ-ի հետ հարաբերություններ վերականգնելու ուղղությամբ, փորձում է ներկայանալ՝ որպես խաղաղասեր, մարդասեր երկիր, որի ներքո իրական քաղաքական բովանդակություն չկա, սահմանների բացման հարց չկա, հարաբերությունները կարգավորելու հեռանկար չկա, քանի որ այս հարցում Թուրքիան դեռ կախված է Ադրբեջանից ու չի կարողանալու որևէ ինքնուրույն քայլ կատարել։
Կարծում եմ՝ եթե Թուրքիայի ղեկավարությունն իսկապես ցանկանար նման քայլի դիմել, դրանով իսկ ջանալով լավ մթնոլորտ ստեղծել հայ-թուրքական բացակա հարաբերություններում, ապա դա կաներ ավելի պաշտոնական և հնչեղ կերպով, իսկ նման հեռախոսազրույցի ընթացքում ասված արտահայտությունները շատ հարցեր են առաջացնում, կասկածի տակ դնում առաջարկի լրջությունն ու նպատակները։ Թուրքիան դա կարող էր անել ԱԳ նախարարի որևէ ելույթի շրջանակում, որևէ կոչի կամ նամակի տեքստում՝ ուղղված ՀՀ-ին, սակայն այս բանավոր առաջարկը խոսակցության ընթացքում ասված մի խոսք է՝ առանց հետևանքների ու նպատակների»,- ասաց վերլուծաբանը։
Ջենգիզ Աքթարը գտնում է, որ, թե ինչպես պատասխանել Էրդողանին՝ պետք է որոշի հայկական կողմը։
«Սակայն կարծում եմ՝ հայկական կողմը լուրջ չի ընդունելու այս ամենը, հատկապես, երբ այս հարցում Թուրքիան ինքը նաև օգնության կարիք ունի»,- ասաց նա։