«Թուրքիան պոտենցիալ վարակակիրներին տանում է Սիրիայի սահման, իսկ Ադրբեջանը՝ էթնիկ փոքրամասնությունների բնակավայրեր»․ Կարեն Հովհաննիսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ անձանց հետ շփումներ ունեցած մարդկանց մեկուսացնում են երկրի հարավային շրջաններ, որտեղ ապրում են էթնիկ փոքրամասնությունները։

«Ադրբեջանը չէր նշում, որ այն տարածքներում, որոնք համարվում են մեկուսացման վայր, ապրում են էթնիկ փոքրամասնությունները, բայց ասում էր, որ մեկուսացվողներին տանում է իր երկրի հարավային շրջաններ։ Իսկ հարավային շրջաններում ապրում են էթնիկ փոքրամասնությունները, տվյալ դեպքում նաև՝ թալիշները։ Ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ նույն այս քաղաքականությունը վարում է Թուրքիան, որն իր վարակակիրներին կամ մեկուսացման ենթակա անձանց տանում է դեպի Սիրիայի հետ սահման, նույնիսկ անցկացնում է դեպի Սիրիայի տարածք, և այնտեղ ոչ թե մարդիկ մեկուսացվում են, այլ ուղղակի ապրում են և շփվում մարդկանց հետ։ Նույնն էլ Ադրբեջանի մեկուսացվածներն են այդ տարածաշրջանում, ովքեր պարզապես գտնվում են այդ տարածքում, և որևէ խիստ միջոցառումներ չէին ձեռնարկվում։ Փորձ է կատարվում այս տարածաշրջաններում, որտեղ էթնիկ փոքրամասնություններն են, օգտվելով համաճարակի առիթից, այնտեղ մտցնել օջախներ, իրենց համար լուծել որոշակի հարցեր։ Միտումը սա եմ համարում»,- ասաց փորձագետը։

Կարեն Հովհաննիսյանը նկատեց՝ 245 հոգուց կազմված խումբը, երբ Թուրքիայի տարածքից հասել է Նախիջևան, նրանց մեկուսացրել են Ադրբեջանի հարավային շրջաններում․

«Այդ խմբից հետագայում վարակակիրներ հայտնաբերվեցին, սակայն, այդ մարդկանց տարել՝ այնտեղ էին մեկուսացրել այն դեպքում, երբ այդ տարածաշրջանի բնակիչներն արդարացիորեն բողոքում էին, որ ամբողջ Ադրբեջանի տարածքում բազմաթիվ հանգստյան գոտիներ կան, որտեղ բնակչություն չկա, այնտեղ կարող են մեկուսացնել, ինչո՞ւ են բերում հենց այդ տարածաշրջանի մարզադահլիճներում կամ մշակույթի տներում մեկուսացնում՝ առանց խիստ հսկողության»։

Նրա խոսքով՝ թեև Ադրբեջանի պաշտոնական տվյալները ոչինչ չեն ասում, լռում են այն մասին, որ կոնորավիրուսը հասել է Ադրբեջանի բանակ, բայց, ըստ նրա՝ ադրբեջանական սոցցանցերի վերլուծությունից պարզ է դառնում, որ կորոնավիրուսն Ադրբեջանի բանակ էլ է մտել․

«Այն հատվածներում, որտեղ խիստ կարանտին է, բացի ներքին զորքերից և ոստիկանությունից՝ բանակն է անմիջական շփման մեջ մտնում կարանտինի մեջ գտնվող մարդանց հետ, և հենց այստեղից էլ կարելի է ենթադրել, որ բանակում կա։ Բայց բացի ենթադրությունից՝ կարող եմ վստահ ասել, որ իրականում բանակում կա, քանի որ նույնիսկ որոշ շրջաններում բնակիչներն իրենք են փաստում, որ շտապօգնության մեքենաներով համապատասխան հանդերձանքով մարդիկ մտնում են զորամասի տարածք, դուրս են գալիս, ինչը նշանակում է, որ որոշակի վարակակիրներ կամ պոտենցիալ վարակակիրներ կան»։

Փորձագետը նշեց, որ, եթե Ադրբեջանի նավթային շրջաններում վիրուսը տարածվի, դա Ադրբեջանի համար կործանարար կլինի․ «Այդ շրջաններում միջազգային նավթային ներդրողներն իրենց գործունեությունն են ծավալում, և պատկերացրեք, եթե այդ շրջաններն օջախ դառնան, ինչ վիճակի մեջ կընկնեն։ Առանց այդ էլ հետաքրքիր բաներ են տեղի ունենում․ հենց այդ շրջաններում սովորական քաղաքացիները միանում են նավթային խողովակներին և, իրենց տանը նստած՝ սկսում են այդ խողովակներից նավթ վերցնել։ Այսինքն՝ ևս մեկ խնդիր է ավելացել ադրբեջանական իշխանությունների համար։ Այս նավթային խողովակների պահպանության համար Ադրբեջանի իշխանությունները ներգրավել են բանակը, ամբողջ ոստիկանական և ներքին զորքերն այլևս չեն կարողանում, ստիպված բանակն են ներգրավել»։

Տեսանյութեր

Լրահոս