Բաժիններ՝

26.500 դրամը չի կարող բավարար լինել, բայց կարող է լարվածությունը մեղմել. Զարուհի Բաթոյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության 9-րդ ծրագրով՝ այն ընտանիքները, որտեղ կա 0-18 տարեկան երեխա, և որտեղ երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, միանվագ մեկանգամյա աջակցություն կարող են ստանալ՝ յուրաքանչյուր երեխայի համար՝ 26.500 դրամ:

Ծրագիրը, որը նախատեսվում է փաստացի գործարկել երկուշաբթի օրվանից, շատերի քննադատությանն արժանացավ՝ նախատեսվող օժանդակության փոքր լինելով պայմանավորված:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ գումարի այս չափը որոշվել է պարզ տրամաբանությամբ, քանի որ այս ծրագրի դեպքում խոսքն ավելի մեծ թվով մարդկանց է վերաբերում։

«Ծրագրերն ուղղված են ավելի շատ մեղմելու սոցիալական վիճակը: Բնականաբար, դրանք չեն կարող ամբողջությամբ բարելավել և բավարար լինել, բայց դրանք կարող են իսկապես լարվածությունը որևի կերպ մեղմել: Գումարը կապված է նվազագույն զամբյուղի հետ, զամբյուղի շեմն է վերցված, որը նաև նպաստների համար է սահմանված, այսինքն՝ կառավարության նախորդ տարվա որոշումն է: Եվ նորից եմ կրկնում, եթե  մենք խոսում ենք ամբողջությամբ կարիքները բավարարելու մասին, ապա սա ավելի բարդ է:

Բայց, նկատի ունենալով, որ ավելի մեծ թվով մարդկանց ենք ուզում աջակցել, և նաև իրավիճակը որևէ մեկը, այսպես ասեմ,  կանխատեսել չի կարող, թե որքան ժամանակ այս իրավիճակը կշարունակվի, և որքան ժամանակ տարբեր քաղաքացիներ կունենան աջակցության կարիք, մենք այս պահին ավելի մեծ ֆինանսական աջակցության մասին դեռ չենք կարող մտածել, որովհետև բացի, այսպես ասած, դասական շահառուներից, որ ունեցել է նախարարությունը, այսինքն՝ սոցիալապես անապահով ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցները, հիմա հայտնվել են նաև տարբեր այլ մեծ խմբեր, որոնք նախկինում մեր շահառուները չէին, բայց այս պահին աջակցության կարիք ունեն: Եվ որպեսզի այս աջակցությունը դառնա նաև հասցեական, մենք այս ճանապարհն ենք ընտրել այս պահին»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ լրացրեց, որ ի սկզբանե որոշվել և հայտարարվել է, որ միջոցառումները որոշակի իմաստով ունեն իրավիճակային տրամաբանություն, և դա օրվա խնդրից բխող քաղաքականություն է:

«Գնահատական տալ միջոցառմանը՝ որպես սոցիալական աջակցության միջոցառում մշտական, կարծում եմ,  տեղին չի լինի, որովհետև մենք այսօր ամեն օր ենք զբաղվում միջոցառումների նախագծման աշխատանքներով, ամեն օր ենք մտածում դրա մասին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ չեն բացառում՝ հետագայում այլ  միջոցառում իրականացնեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս