Բաժիններ՝

«Հնարավոր է որոշ ապրանքների գների բարձրացում, բայց Կառավարությունն իրականացնում է այլընտրանքային միջոցառումներ». Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ պարետի կողմից ապրիլի 3-ին ընդունած որոշմանը, որի համաձայն՝ որոշ ապրանքատեսակների արտահանումը և ներմուծումը սահմանափակվում է: Նույն որոշման համաձայն՝ բժշկական որոշ ապրանքատեսակների արտահանումը սահմանափակվել է: Մինչ այս, նշված ապրանքների արտահանումը կատարվում էր Առողջապահության նախարարի գրավոր համաձայնության արդյունքում, և ՊԵԿ-ի կողմից այդ ապրանքների արտահանումը տեղի է ունենում միայն գրավոր համաձայնության առկայության պայմաններում:

Գործում էր նաև մեկ այլ որոշում, ըստ որի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ապրանքների փոխադրումը կատարվում էր՝ համաձայն գործող ցանկի:

«Այս պահին արտահանման սահմանափակում գործում է միայն բժշկական սարքավորումների և դեղամիջոցների մասով, ցանկը կա, Իրանի հետ, բացի նշված ցանկում ներառված ապրանքներից, այլ սահմանափակումներ չկան, թե՛ ներմուծման, թե՛ արտահանման մասով, ապրանքների փոխադրումը սահմանով իրականացվում է համաձայն գործող կարգի, այսինքն՝ կատարվում է ապրանքների փոխաբեռնում  Մեղրի անցակետում կամ Ագարակ մաքսային տերմինալում: Եթե անհնար է կոնկրետ ապրանքատեսակի փոխաբեռնումը, ուրեմն՝ գործում է երրորդ միջոցը՝ ապրանքի տեղափոխումը կատարվում է ուղեկցմամբ, որն էլ իրականացվում է միայն ՊԵԿ-ի թույլտվության դեպքում:

Այս ամբողջ գործընթացը կախված է նաև սահմանային անցակետի բացթողումային հնարավորություններից, ամբողջ տեղափոխման գործընթացը՝ թե՛ ուղեկցմամբ, թե՛ փոխաբեռնմամբ, կատարվում է Առողջապահության նախարարության հսկողության ներքո և ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի աշխատակիցների հսկողությամբ»,- նշեց Վարոս Սիմոնյանը:

Անդրադառնալով որոշ ապրանքատեսակների մասով գրանցված գնաճին, Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ շուկան վերահսկվում է, և ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ. «Հնարավոր է որոշ ապրանքների գների բարձրացում, բայց Կառավարությունն իրականացնում է այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը»,- ընդգծեց նա:

Պատասխանելով, հարցին, թե մանրածախ առևտրով զբաղվող մարդիկ ինչպե՞ս կարող են իրականացնել իրենց առևտուրը, եթե, օրինակ, Գյումրիից պետք է գան Երևան, և ի՞նչ պետք է անեն, որպեսզի տեղաշարժի մասով  ոստիկանության հետ խնդիրներ չունենան, Վարոս Սիմոնյանը պատասխանեց, որ պարետի որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ ձևաչափով է իրականացվում այդ տեղաշարժը:

«Եթե տնտեսվարողն իր գործը ծավալում է մեկ այլ քաղաքում, բայց մեկ այլ քաղաքից պետք է ստանա ապրանքը, պետք է ունենա համապատասխան ձևանշումները լրացրած գրություն և տեղաշարժի վերաբերյալ գրությունը: Կարծում եմ՝ այս ամենի առկայության դեպքում որևէ դժվարություն չի առաջանա, իսկ եթե լինեն որոշակի խոչընդոտներ,  գործում են «թեժ» գծերը, կարող են զանգահարել»,- եզրափակեց Վարոս Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս