Բաժիններ՝

«Տեսնում եմ, որ մեր նահանգում ավելի պատասխանատու են՝ յուրաքանչյուրը մտածում է իր կյանքը փրկելու և ուրիշներին չվնասելու համար». ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրողը՝ մեկուսացման մասին

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ամբողջ Միացյալ Նահանգներում մարդիկ մեկուսացել են, յուրաքանչյուր նահանգ առանձնանում է իրեն բնորոշ իրավիճակով՝ կան բարդ իրավիճակում հայտնված նահանգներ, օրինակ, Կալիֆոռնիան, իսկ, օրինակ, Մասաչուսեթս նահանգը, այսպես ասած, գտնվում է միջին սանդղակում:
Հայ լրագրող Գալուստ Նանյանը, ով արդեն երեք տարի  իր գործունեությունը ծավալում է Միացյալ Նահանգներում, այս պահին բնակվում է Մասաչուսեթս նահանգում: 168.am-ի հետ զրույցում Գալուստ Նանյանը պատմեց, թե այս պահին ինչ իրավիճակ է այնտեղ, և ինչպես են մեկուսացել:

«Երեք օր առաջ խանութ պետք է գնայի, տրոլեյբուս էի նստել, մինչև Քեմբրիջ քաղաք  գնացի, հանկարծ նկատեցի, որ տրոլեյբուսի մեջ միայն ես եմ ու վարորդը, այսինքն՝ քաղաքային տրանսպորտը, գնացքներն աշխատում են, վերջիններս չեն աշխատում՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, և, մետրոյից բացի, բոլորն անվճար են աշխատում: Մոտեցա, որ տոմսի համար վճարեմ, վարորդն ասաց, որ անվճար է, ու հորդորեց, որ տրոլեյբուսի հետևի դռնից իջնեմ: Հետո հասակացա, որ սա պաշտպանության մի ձև է, քանի որ հրաման է տրվել, որ մարդիկ իրարից 1-3 մետր հեռավորություն պետք է պահպանեն: Նույն վիճակը նաև մետրոյում էր, շատ քիչ մարդիկ էին օգտվում, յուրաքանչյուր վագոնում մեկ կամ երկու մարդ էր նստած, բայց տրանսպորտից օգտվողներն էլ սոցիալական հեռավորությունը պահպանում են: Մետրոյի յուրաքանչյուր կայարանում կան խմբեր՝ բաղկացած ոստիկաններից, բժիշկներից և հակահրդեհային անվտանգության աշխատակիցներից, որոնք կարող են մարդկանց օգնել անհրաժեշտության դեպքում»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա վստահեցնում է՝ մարդիկ պահպանում են մեկուսացման կանոնները, միայն դուրս են գալիս օրվա կամ շաբաթվա համար նախատեսված գնումները կատարելու համար և կրկին մեկուսանում են տանը: Եթե ցանկանում են դուրս գալ, օրինակ, մի քիչ քայլելու, ապա անպայման պետք է հետևեն անվտանգության բոլոր կանոններին՝ կրեն ձեռնոցներ, պաշտպանիչ դիմակ և ակնոց:

«Շաբաթներ առաջ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ պանդեմիա է, մարդիկ սկսեցին մեծ գնումներ կատարել խանութներից, իսպառ բացակայեցին զուգարանի թղթերը, ալկոգելը: Արդեն մեկ ամիս է՝ ինքս չեմ ցանկանում հետևել կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությանը, քանի որ, երբ լուրերին տեղեկանում եմ՝ ավելի անհանգիստ եմ լինում, այդ պատճառով էլ որոշեցի ինձ հեռու պահել այդ ամենից: Բայց որքանով նկատում եմ փողոցում կամ խանութում մարդկանց տեղաշարժը, տեսնում եմ, որ մեր նահանգում ավելի պատասխանատու են, յուրաքանչյուրը մտածում է իր կյանքը փրկելու և ուրիշներին չվնասելու համար: Համեմատած Նյու Յորքի կամ Կալիֆոռնիայի հետ, մեզ մոտ իրավիճակը միջին աստիճանի է, բայց նահանգում, եթե չեմ սխալվում՝ արդեն հաշվել են 1200 վարակակրի: Այստեղ Տեղական ինքնակառավարման մարմինները, այս դեպքում՝ քաղաքապետարանը, տարբեր միջոցներով զգուշացնում է մարդկանց, թե ինչ պետք է անեն՝ լինի փոստային բացիկների ձևով, փողոցում հայտնված գովազդային լուսարձակային վահանակների միջոցով, և այլն: Ռեստորաններն ու սրճարաններն այս պահին չեն աշխատում, միայն սննդի կետերն են, որ մարդիկ կարողանան հաց ու այլ սնունդ գնել»,- պատմեց նա:

Գալուստ Նանյանի խոսքով՝ կորոնավիրուսից վախենալու փոխարեն՝ անհրաժեշտ է պահպանել հիգիենիայի կանոնները:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենց քաղաքում, ի տարբերություն Հայաստանի, եթե մարդուն փողոցում տեսնում են, անձնագիր և տեղաշարժման թերթիկ չեն պահանջում, նման վերահսկողություն չկա, քանի որ բոլորը մեկուսացվել են, և  անհրաժեշտության դեպքում միայն ընտանիքի մի անդամն է դուրս գալիս, այլ ոչ թե՝ մի քանիսը:

«Կարծում եմ՝ նման քայլի գնում են, ինչպես Հայաստանում են գնացել, երբ հասարակությանը վերահսկելու միջոցներն անկառավարելի են դառնում: Այստեղ բնակվող հայերի հետ շփվում ենք, նրանք էլ ասացին, որ դուրս գալու, այսպես ասած, «պարտականությունը» ընտանիքից միայն մեկ հոգու վրա է դրված, նա է գնում, մեկ շաբաթվա սնունդ առնում և վերադառնում տուն: Ուզում եմ նաև ասել, որ, եթե այստեղ մարդկանցից անձնագիր էլ չեն պահանջում, միևնույն է՝ յուրաքանչյուրն իր մոտ որևէ փաստաթուղթ ունի, անկախ նման օրերից: Այս առումով այստեղ ամեն ինչ կազմակերպված է»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ Միացյալ Նահանգներում, իրավիճակով պայմանավորված՝ գնաճ չի նկատվում, ինչպես, ասենք, Հայաստանում է տեղի ունենում:

Նա նաև պատմեց, թե ինչ է անում մեկուսացման ընթացքում, երբ ամբողջ օրն ազատ է և գտնվում է տանը:

«Մինչև Միացյալ Նահանգներ տեղափոխվելը՝ ունեի «YouTube»-յան  էջ, մոտավորապես այնտեղ որևէ տեսանյութ չէի դրել, հանեցի արխիվային տեսանյութերս, ու պարզվեց, որ նախկինում շատ տեսանյութեր եմ արել, որոնք կարելի էր հետաքրքիր նյութեր սարքել: Մինչև պանդեմիայի հայտարարելը, յուրաքանչյուր շաբաթ գնացքով կամ մետրոյով գնում էի օվկիանոսի ափ՝ կա՛մ նկարում էի, կա՛մ ուղղակի նստում-նայում, այդ ընթացքում որոշեցի այնտեղից քարեր հավաքել, որոնք այս օրերին, այսպես ասած, կոլաժներ եմ սարքել, ֆիլմեր եմ նայում: Սրանից զատ, Նահանգների օրենսդրությունն եմ ուսումնասիրում: Եթե մարդն իր բնույթով ձանձրալի է՝ մեկուսացման ռեժիմում թե առանց դրա, ինքը ձանձրանալու է, բայց եթե ձանձրալի չէ, ապա ցանկացած իրավիճակում հաստատ զբաղմունք կգտնի իր համար: Գրեթե միշտ մենակ եմ ապրել, բայց երբեք չեմ ձանձրացել»,- պատմեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս