«Տվյալները, որոնք ունենք, արտացոլում են այն պատկերը, որն արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով». Ալեն Սիմոնյան

Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունները, ընդհանուր առմամբ, Արցախ մեկնած հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատում` հարկ համարելով հատկանշել ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշը` ի հեճուկս տարբեր կանխատեսումների:

«Բնական է` կային խնդիրներ, կային բաներ, որոնց շուրջ, կարծում եմ, դեռ շատ աշխատելու տեղ կա: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այսօրվա տվյալները, որոնք ունենք, արտացոլում են այն պատկերը, որն արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով: Ենթադրում ենք, որ երկրորդ փուլը, որն անխուսափելի է, կլինի ավելի լավ կազմակերպված, և հուսանք, որ գոյություն ունեցող իրավիճակն աշխարհում` կապված կորոնավիրուսի հետ, չի կարողանա խանգարել, որովհետև բոլորս լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է Արցախում հերթական ընտրությունների կայացումը` Արցախի Հանրապետության վերջնական կայացման համար: Հուսամ, որ հնարավորություն կլինի 14 օր անց լինել այստեղ և շրջել տեղամասերում ու գրանցել այն, ինչ մենք կտեսնենք»,- նշեց նա:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը լրացրեց, որ ընտրությունները տեղի ունեցան աշխարհում առաջացած համաճարակային մարտահրավերների պայմաններում,  և այս դեպքում արցախցիների մասնակցության բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ նրանք չափազանց կարևորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, զգում պատասխանատվություն սեփական իշխանություն ձևավորելու հարցում, ինչն ինքնիշխանության և ինքնորոշման տեսանկյունից բարձր ցուցանիշ է: Միաժամանակ, Անի Սամսոնյանը նշեց, որ տեղամասերում լինելուց հետո եկել է այն եզրահանգման, որ կան իրավական բացեր և հանձնաժողովների անդամների վերապատրաստման լուրջ կարիք:

Տեսանյութեր

Լրահոս