Քրդական մտավախությունն ու ճանապարհների ասֆալտապատումը
Թուրքիայում քրդական շարժումը նոր թափ ստացած լինելու նախադրյալներ է փոխանցում: Տարբեր շրջաններում ռմբահարումներ, պարտիզանական հարձակումներ, թուրքական զորամիավորումների դեմ կազմակերպված ռազմական գործողություններ և նմանատիպ աքթեր` քրդական գործոնի վերաշխուժացման մասին հստակ համոզում են ձևավորում: Իհարկե, դժվար է կանխատեսել, որ համաքրդական միավորման հանգեցնող գործընթացի մեկնա՞րկ է սա, թե՞ պարագայականության մեջ սահմանափակված մնալու հերթական երևույթ: Միջազգային մամուլը համառորեն և հետևողականորեն քրդական գարնան մասին ուղերձներ է փոխանցում և նոր Քուրդիստանի սահմաններին ուրվագծումներ է կատարում: Խնդիրը, անշուշտ, անմիջականորեն կարող է առնչվել Սիրիայի իրադարձությունների հետ` համարյա’ բացարձակացնելով Անկարայի ներգրավվածության տարողության հիմնական բաժինը:
Արտաքին ներշնչումները այստեղ ևս գերազդեցիկ նշանակություն ունեն. պարզ է, որ տարածաշրջանում գործընթացների ահագնացումը պայմանավորված է արտաքին ուժերի թելադրանքով և օժանդակություններով: Քրդական ենթադրյալ գարունը –եթե իբրև քաղաքական եղանակ կայանալու է – բացառություն չի կարող լինել։
Դեռևս վաղ է հաստատել, այսուհանդերձ պետք չէ աննկատ թողնել երկու շաբաթ առաջ Լիբանանում ապրող քուրդերի կազմակերպած բողոքի ցույցը` Եվրամիության կենտրոնի առաջ, որի ընթացքում հայտարարված հիմնական պահանջը Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումն էր: Երկարատև ընդմիջումից հետո վերադարձ կատարող և բողոքի քաղաքական հասցե ճշտած այս ցույցը նախագարնանային միավորումների ընդհանուր շղթայի մեկ օղակը հանդիսանալու նախապատրաստական աշխատանքներին կարող է մաս կազմած լինել։ Լիբանանյան լրատվադաշտը լռություն պահպանեց այս իրողության վերաբերյալ` հայտնապես թուրքական գործոնի հաշվառումը կատարած լինելու, եթե ոչ նկատելիորեն թափանցված լինելու տպավորություն թողնելով։
Դեռևս. Քուրդերի համաշխարհային երկրորդ համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, կազմակերպիչները հստակորեն բանաձևում են իրենց պահանջները` քրդական ինքնորոշման իրավունքի հարգման և օրինականացման:
Վերջերս թողարկված լրատվություններում ուշագրավ մի բաժին կարող է կապ ունենալ Անկարայի ունեցած քրդական մտավախությունների հետ: Թուրքական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Թուրքիայից դեպի Հայաստան տանող ճանապարհը արագորեն ընդլայնվում և ասֆալտապատվում է: Լրատվությանը հետևում էր անմիջական մեկնաբանություն` սահմանի հավանական բացման նախապատրաստական աշխատանքների մասին նշում կատարելով:
Սահմանը բացելու խաբկանքի քաղաքականության հերթական դրսևորում է, ըստ երևույթին, որին դիմում է Անկարան: Հերթական անգամ, որ արտաքին ճնշումներ անեին սահմանը բացելու ուղությամբ, Անկարան խաբկանքի գործողություն կկազմակերպեր ձևացնելու համար, որ ինքը կողմնակից է բնականոն հարաբերությունների ստեղծման համար իբրև առաջին քայլ սահմանը բացելու: Այս դեպքում կարող է ներքին ճնշման արդյունք լինել։ Ներքին` քրդական իմաստով:
Ճանապարհի ընդլայնման և ասֆալտապատման այս ցուցադրության ընտրված ժամանակը հետաքրքիր է։ Չմոռանանք, որ սահմանի բացման դիմաց նախապայմանային քաղաքականությունը չի փոխվել։ Առաջին նախապայմանը Արցախի խնդիրն է, որ գեթ այս ժամանակահատվածում սաֆարովյան գործարքի իբրև արդյունք ավելի կարծրացել է, չասելու համար որ հայ-ադրբեջանական բանակցությունների առկախումը պահանջող հայտարարություններով հագեցված է:
Այս ցուցադրությունը կարող է անհանգստացնել Բաքվին։ Փաստորեն, թուրք-ադրբեջանական հասարակական կազմակերպության Իգդիրի բաժանմունքը չի ուշացրել իր մտահոգությունը հրապարակելու ի տես դեպի սահմանի բացում տանող ճանապարհի ընդլայնման և ասֆալտապատման։Թուրքիայում թիվ մեկ գլխացավանքը համարվող քրդական խնդիրը Անկարայի համար ժամանակավորապես շրջանցել է տալիս Բաքվի շահերի նկատառումը: Ինքնորոշման ճանապարհի վրա գտնվող քուրդերը ուզում են ինքնորոշվել նաև այն տարածքների վրա, որոնք ասֆալտապատված և ընդլայնված ճանապարհներով իբրև թե պիտի կապվեն Հայաստանի Հանրապետության հետ: Իսկ այդ տարածքների պատկանելիության շուրջ ծագելիք վեճն ու մտահոգությունը լրիվ ձեռնտու են Անկարայի համար, որ այս անգամ ասֆալտով ուզում է մոլորեցնել առնչված կողմերին ու միջազգային հանրությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր