«Արմավիայի» և «Սուխոյի» խնդիրները հաջորդ շաբաթ կլուծվեն
Ռուսական քաղաքացիական ավիացիայի առաջատար «Soukhoi SuperJet 100» օդանավի դժվարությունները շարունակվում են:
168.am-ն անցած շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը` «Արմավիա» ավիափոխադրողի հետ իրենց ունեցած խնդրի լուծման վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան պատասխանել է. «Ներկա պահին մեր և «Արմավիա» ընկերության միջև ծագած անհամաձայնությունները լուծման փուլում են գտնվում, և այդ իսկ պատճառով՝ մենք առաջարկում ենք ձեզ վերադառնալ այդ հարցին հաջորդ շաբաթ»:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 15-ին 168.am-ի հետ զրույցում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության աշխատակից Անդրեյ Մուրավյովը նշել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության երկրորդ ինքնաթիռից հրաժարվելու մասին, քանի որ 2011-ից շահագործվող «SSJ 100-ը» տեխնիկական խնդիրներ է ունեցել:
«Արմավիայի» և «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության միջև ծագած խնդրի լուծումը պետք է տրվեր ամենաուշը մինչև սեպտեմբերի 15-ը, քանի որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն աշխատանքային խումբ էր ստեղծել, որը զբաղվում էր կոնկրետ այդ հարցի լուծմամբ, ու նրա կողմից վերջնաժամկետ էր նշանակվել հենց սեպտեմբերի 15-ը: