Ետ տվեք մեր փողերը
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը «Արմավիայից» պաշտոնական ծանուցում չի ստացել՝ ինքնաթիռից հրաժարվելու պատճառների վերաբերյալ։
Ընկերության մամուլի ծառայության պետ Անդրեյ Մուրավյովը 168.am-ին փոխանցեց, որ ներկա պահին բանակցություններ են ընթանում «Արմավիա» ընկերության հետ։ «Մեր ընկերությունը բանակցություններ է սկսել «Արմավիա» ընկերության հետ, քանի որ վերջերս «Արմավիա» ընկերությունը հայտարարեց, որ ինքը հրաժարվում է ձեռք բերել ինքնաթիռը: Սակայն, որպես կանոն, նման դեպքերում, երբ տեղի է ունենում գնված ապրանքի ետ վերադարձ, կազմակերպությունը պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի մեզ, որում ամրագրված կլինեն թե ետ վերադարձվող ապրանքի մանրամասն տեղեկությունները, թե հրաժարվելու պատճառները։ Սակայն մինչ օրս մենք նման փաստաթուղթ չենք ստացել: Պատճառն այն է, որ ինքնաթիռը, որից «Արմավիան» հրաժարվում է, գտնվում է բանկային գրավի տակ, իսկ մեր ընկերությունը նման պարագայում իրավասու չէ ետ ընդունել ինքնաթիռը»:
«Արմավիան» իրավունք չուներ գրավադրել դեռևս ձեռք չբերված ինքնաթիռը
«Համաձայն պայմանագրի, պետք է ձեռք բերվեր երկու ինքնաթիռ: Առաջին ինքնաթիռը ձեռք բերելուց հետո վճարումից մնաց որոշակի պարտք՝ 4 միլիոն դոլար: Մենք կանգնեցինք խնդրի առաջ, իսկ առաջին ինքնաթիռը գրավադրվել է, և այժմ էլ ետ չեն կարողանում վերադարձնել»,- 168.am-ի նշեց որ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ համաձայն պայմանագրի՝ «Արմավիան» իրավունք չուներ գրավադրել ինքնաթիռը, քանզի այն դեռ ամբողջությամբ ձեռքբերված չէր: Ըստ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցչի, Արմավիայի կողմից շահագործվող ինքնաթիռը ետ վերցնելու դեպքում, իրենց համար դժվար չի լինի այն հանձնել շահագործման այլ ընկերության։ Սակայն այժմ դա անհնարին է դարձել գրավադրման պատճառով։ «Ստացվում է, որ մեր ընկերությունն աչք է փակել պայմանագրի կետերի որոշակի խախտումներին, ինչի արդյունքում՝ այժմ հայտնվել ենք այս իրավիճակում, որի մասին գրում են մամուլում»,- ասաց Անդրեյ Մուրավյովը։
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով Ռուսական Коммерсант-ին, գրում են, որ ինքնաթիռի գրավադրման դիմաց «Արդշինինվեստ» բանկի կողմից Բաղդասարովին տրվել է շուրջ $3,5 միլիոն վարկ:
Ինչ գույն ունի «Կոմերսանտը»
Օրեր առաջ «Կոմերսանտ» պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել, որ խնդրի՝ փակուղի մտնելու դեպքում «Սուխոյը» պատրաստվում է դատի տալ «Արմավիային»։ «Արմավիայի» ներկայացուցիչը, մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, ասել էր, որ նման շշուկները համարում է դեղին մամուլ։ 168.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Ա.Մուրավյովից, որն ասաց. «Մենք հո չե՞նք կարող նվիրել մեր ինքնաթիռը «Արմավիային»: Բնականաբար, վերջին տարբերակ ենք համարում դատական հայցը՝ ընդդեմ նրանց, սակայն ասել, որ դա դեղին մամուլ է՝ սխալ կլինի, քանի որ «Կոմերսանտ» պարբերականը նմանը չես համարի»: Միևնույն ժամանակ նա ավելացրեց, որ իրենց ընկերությունը չի սպառնում «Արմավիային». դա պարզապես տարբերակ է, եթե իրավիճակը իրոք փակուղի մտնի: «Անկախ ամեն ինչից, մենք հույս ենք հայտնում, որ «Արմավիա» ընկերությունը վերջիվերջո կհարթի իր խնդիրները, և մենք կկարողանանք ընդհանուր հայտարարի գալ։ Իրենք պետք է նախ իրենց խնդիրները կարողանան լուծել՝ կապված ինքնաթիռի գրավից հանելու հետ։ Սակայն ինքներդ էլ գիտեք, որ դա հեշտ գործընթաց չէ՝ հաշվի առնելով «Արմավիայի» ներկայիս վիճակը: Մենք պատրաստ ենք ետ ընդունել մեր ինքնաթիռը»:
168.am-ի հետ զրույցում Ա. Մուրավյովը նաև նշեց, որ խնդրի լուծումը կտրվի ամենաուշը մինչև սեպտեմբերի 15-ը, քանի որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվում է կոնկրետ այս հարցի լուծմամբ, ու նրա կողմից վերջնաժամկետ է նշանակվել` հենց սեպտեմբերի 15-ը: