Երբ կրթության միակ ձև է դառնում հեռավարը
Կորոնավիրուսի հետ կապված՝ Հայաստանի ուսումնական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Սա նոր ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծում կրթության համար։ Հեռավար կրթությունը միշտ եղել է՝ որպես դեմ առ դեմ կրթությանը զուգահեռ գոյություն ունեցող համակարգ։ Հիմա աշխարհում առաջին անգամ ստեղծվում է մի վիճակ, երբ հեռավար կրթությունը որոշ ժամանակով դառնում է ֆորմալ կրթության կազմակերպման միակ հնարավոր ձևը։ Սա յուրահատուկ գիտափորձ է՝ հասկանալու համար, թե ինչպիսին կլինի միայն հեռավար ձևով աշխատող կրթությունը։
Մոտ 20 տարի առաջ կար տեսակետ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը կրթության ոլորտ կախարդական փայտիկի դեր է խաղալու։ Որոշ տեխնոֆիլներ կարծում էին, որ դեմ առ դեմ կրթությունն ապագա չունի, ուսուցիչների թիվը կկրճատվի, տեխնոլոգիաներով հագեցած դասը դուրս կմղի ավանդական դասը։ Տեխնոֆիլների կարծիքով՝ ամեն ինչ կդառնա հասանելի, մատչելի, և մարդիկ ավելի շատ կսովորեն։ Այդ տարիներին հաջորդաբար ստեղծվեցին հեռավար կրթության բազմաթիվ հարթակներ, որոնցից հատկապես հայտնի են Քան ակադեմիան, MOOCS-ը։ Այդ հարթակները հնարավորություն են տալիս մարդկանց անվճար սովորելու։ Աշխարհի բազմաթիվ հանրահայտ համալսարաններ նույնպես հսկայական թվով դասախոսություններ, դասընթացներ դարձրեցին հասանելի։
Որոշ ժամանակ անց ի հայտ եկան տեխնոսկեպտիկ կարծիքներ։ Հայտնվեցին հետազոտություններ, որ հեռավար դասընթացների մասնակիցների մինչև 80%-ը կիսատ են թողնում դասընթացները։ Մեկ այլ ուսումնասիրությամբ էլ պարզվեց, որ այն երկրները, որոնք մեծ ներդրումներ են կատարել դպրոցները տեխնոլոգիաներով հագեցնելու ուղղությամբ, էական առաջընթաց չունեն կրթության որակի դաշտում։ Նման բացահայտումներըցույց տվեցին, որ հեռավար կրթությունը, տեխնոլոգիաներով հագեցումն առանձնապես օգտակար չեն, եթե ինքնակրթության մշակույթը շատ ցածր է։ Մարդիկ փոքրուց վարժվում են սովորելու պարտադրական մեխանիզմին, որի բաղկացուցիչներն են ներկա-բացակաները, ստուգարքները, քննությունները, վերահսկողության այլ մեխանիզմները։ Այսինքն՝ այսօր արդեն պարզ է, որ կրթության խնդիրը միայն ուսումնական նյութերը տեխնոլոգիաների միջոցով հասանելի դարձնելը չէ։ Շատ կարևոր է, թե որքանով են մարդիկ ցանկանում սովորել։ Այս առումով վիճակը բարվոք չէ նույնիսկ Չինաստանի նման կարգապահ, կրթական բարձր ցուցանիշներ ունեցող երկրում։ Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի հետ կապված՝ Չինաստանում արդեն մի քանի ամիսանցել են հեռավար կրթության։ Գործարկվել է մի հավելված, որով աշակերտները դասեր են անում։ Եվ ահա երեխաներն այսպիսի չարաճճիություն են արել։ Նրանք որոշել են հավելվածը գնահատել 1 (ամենացածր միավորը), որպեսզի այն համարվի անարդյունավետ և գործարկումը կասեցվի։ 4.9 վարկանիշ ունեցող հավելվածի ցուցանիշը մի քանի օրում իջավ 1.4։ Այսինքն՝ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ՝ հեռավար ուսուցման դեպքում գլխավոր խնդիրը սովորելու ցանկությունն է։ Եթե այն ցածր է, ապա հեռավար ուսուցումն էլ առանձնապես օգտակար չէ։
Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի շատ քիչ ուսուցիչներ ու դասախոսներ են օգտագործում հեռավար ուսուցումը, օնլայն հարթակները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մանկավարժները շատ ծանրաբեռնված են աշխատում և քիչ վճարվում։ Մենք ունենք դասախոսներ, ովքեր մեկ կիսամյակում աշխատում են 200-300 ուսանողի հետ։ Պատկերացրեք, ինչ է նշանակում՝ այդքան ուսանողների հետ դեմ առ դեմ ձևաչափից զատ՝ նաև հեռավար աշխատելը։ Հենց այդ պատճառով Հայաստանում հեռավար ուսուցումը դիտարկվում է՝ որպես լրացուցիչ բեռ։ Բացի այդ, մանկավարժների մեջ կա որոշակի մտավախություն, որ տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը կրթության ոլորտում կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ ռոբոտները կարող են փոխարինել մարդ-ուսուցչին։ Վերջին մտահոգությունը հերքվեց գիտնականների կողմից, քանի որ մանկավարժի աշխատանքը ենթակա չէ ավտոմատացման։
Իմ կարծիքով՝ ստեղծված արտակարգ իրավիճակը շատ դրական կարող է ազդել կրթության համակարգի վրա։ Տեխնոֆոբները, հոռետեսները հասկանալու են, որ այնուամենայնիվ տեխնոլոգիաների օգտագործումը կրթության ոլորտում անհրաժեշտություն է, իսկ արտակարգ իրավիճակներում՝ փրկություն։ Այս շաբաթների ընթացքում բազմաթիվ ուսուցիչներ սովորելու են հեռավար կրթության շատ հարթակների, գործիքների տիրապետել։ Իհարկե, այդ ամենը տեղի է ունենալու տարերային ձևով, բայց արդյունքում՝ մանկավարժների զգալի մասը բարելավելու է թվային գրագիտության իր մակարդակը։ Եվ շատ կարևոր է, որ ճգնաժամի հաղթահարումից հետո ԿԳՄՍ նախարարությունը, համալսարանները, օգտագործելով բարենպաստ պահը, լայնածավալ ծրագրեր իրականացնեն մանկավարժների թվային գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Կարևոր է նաև դպրոցական ծրագրին համապատասխանող հեռավար դասընթացների ստեղծումը։
Իհարկե, այս օրերին շատ կարևոր է չմոռանալ կրթության լավագույն ձևերից մեկի՝ ընթերցանության մասին։ Հետաքրքիր գիրք կարդալն այսօր էլ համարվում է ուղեղը զարգացնելու գիտականորեն ապացուցված լավագույն ձևը։ 17-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս Բլեզ Պասկալը մի առիթով նշել է. «Մարդու դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ նա չի կարողանում լուռ նստել սենյակում»։ Այս օրերին մենք հնարավորություն ենք ստացել լուռ նստել սենյակում ու կարդալ գրքեր։ Կրթվելու, ինքնակրթվելու, խորհրդածելու, իմաստավորելու նոր հնարավորություններ է տալիս այս իրավիճակը։