Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել.
«Հայտարարություն
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը:
Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝
– հորդորում է դատավարության ներկա լինել ցանկացողներին զերծ մնալ դատական նիստերին ներկայանալուց, բացառությամբ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից, որոնց հորդորում ենք ապահովել հնչեղություն ունեցող գործերի ուղիղ հեռարձակումը,
– հորդորում է դատավարության կողմերին բավարարվել դատական նիստերին իրենց ներկայացուցիչների մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայությունը պարտադիր է,
– հանձնարարում է դատական կարգադրիչների ծառայությանը բացառել դատարաններում մարդկանց կուտակումները,
– առաջարկում է բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով,
– հանձնարարում է դատարանների նախագահներին, Դատական դեպարտամենտին և Դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը,
– հանձնարարում է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը դատարաններում աշխատանքը կազմակերպելիս և քաղաքացիների հետ շփումներում խստորեն պահպանել Առողջապահության նախարարության սահմանած հիգիենայի և կորոնավիրուսի կանխարգելման կանոնները,
– հանձնարարում է Դատական դեպարտամենտին ՀՀ բոլոր դատարանները ապահովել առողջապահական նորմերով նախատեսված հակավարակիչ նյութերով և իրականացնել դրանց կիրառման նկատմամբ վերահսկողություն»: