Բաժիններ՝

Ինչու կորոնավիրուսը պոլիկլինիկայում չի բուժվում. ԱԱՏՄ-ի «թեժ գծին» զավեշտալի զանգեր են ստացվում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայությամբ 2020թ. փետրվարին քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից, ընդհանուր առմամբ, ստացվել է 76 զանգ՝ հունվարի 21 զանգի դիմաց․ զանգահարողների թիվն ավելի քան եռակի աճ է գրանցել:

Զանգերի գերակշիռ մասը ստացվում է գործող (010) 65 05 53 հեռախոսահամարով։ Նոր գործարկված 8107 «թեժ գծով» զանգերի թիվը սկսել է ավելանալ՝ պայմանավորված բնակչության շրջանում տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության մասին իրազեկվածության բարձրացմամբ, ինչի ուղղությամբ ԱԱՏՄ համապատասխան բաժինն իրականացրել է իրազեկման աշխատանքներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱՏՄ-ի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը նշեց, որ բողոքների հիմնական մասն առնչվել է աշխատողների աշխատանքային իրավունքներին և աշխատանքի դիմաց տրվող վարձատրությանը, թեպետ, ԱԱՏՄ լիազորությունների շրջանակն այս հարցերը չի ներառում: Քաղաքացիները գանգատվել են նաև խմելու ջրի բացակայությունից և որակից։ Գրանցվել են բողոքներ նաև աղմուկի, դեղերի թանկացման եւ դրանց որակի, հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ խնդիրների վերաբերյալ։ Զանգերի վերլուծությունը վկայում է, որ քաղաքացիների շրջանում առկա է իրազեկման խնդիր աշխատանքային իրավունքների մասին, միաժամանակ, որ այդ իրավունքները հաճախ են խախտվում։

«Թեժ գծով» ստացված բոլոր զանգերի դեպքում տրվել է պարզաբանում, 4 հարցի դեպքում առաջարկվել է ներկայացնել գրավոր դիմում՝ ըստ սահմանված կարգի։ 1 խնդրի հիմքով ԱԱՏՄ ղեկավարի անունով գրվել է զեկուցագիր։ Մասնագիտական պարզաբանումների անհրաժեշտության դեպքում քաղաքացիների հեռախոսազանգերն ուղղորդվել են ԱԱՏՄ համապատասխան վարչություններ, որոնք առավել հանգամանալից են պատասխանել հարցադիմումներին։ «Թեժ գծով» ստացված զանգերի զգալի մասը բաժին է ընկել Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչությանը:

Կորոնավիրուսի հետ կապված անհանգստություններով ևս զանգեր ստացվում են։

«Մինչ աշխարհը խոսում է այս վիրուսի նոր լինելուց ու այն մասին, որ դրա բուժման միջոցներն են փնտրվում, մեր քաղաքացիներից ոմանք դժգոհում են, թե ինչու մեր պոլիկլինիկաներում այն չի ախտորոշվում ու չի բուժվում։ Ստացվել է նաեւ ահազանգ, թե շտապ պետք է հասնել, քանի որ, քաղաքացու ձևակերպմամբ, Սասունցի Դավթի արձանի կողքին «դիմակով ինչ-որ մեկը եսիմինչերեն է խոսում»։ Եղել է դեպք, երբ քաղաքացին բողոքել է իր հարեւանի վերաբերմունքից՝ ԱԱՏՄ-ին զանգ տալը բացատրելով նրանով, որ դա ազդում է իր առողջության վրա»,-նշեց Լիանա Եղիազարյանը։

Որոշ դեպքերում տեսչական մարմնի անունը հիմք ընդունելով՝ քաղաքացիները փորձում են հասկանալ, թե ինչու, ասենք, իրենց աշխատավարձը դեռ մուտք չի եղել իրենց բանկային հաշվեհամարին։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը երբեմն շփոթում են առողջապահության նախարարության հետ կամ խնդրում են, պարզաբանել, թե առողջական ինչ վիճակի մասին է խոսում իրենց անալիզի այս կամ այն պատասխանը։

Դեպքեր կան, երբ քաղաքացուն պարզաբանում է տրվում, որ տվյալ հարցը ԱԱՏՄ լիազորության դաշտում չէ, դժգոհում են ու սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս