Ջոն Հեֆերն. «Մեր դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն»

Լուրերը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կազմած`ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկի մասին, որում ընդգրկված է նաև Հայաստանը, ամբողջական չեն։  Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։

Նրա վկայությամբ` այս պահի դրությամբ արդեն հինգ տասնյակ դեսպանատներ զգուշացրել են ամերիկյան քաղաքացիներին:Հիշեցնենք, որ երկու օր առաջ իր պաշտոնական կայքէջում նման զգուշացում տեղադրեց նաեւ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։

Դեռ նախօրեից մամուլում շրջանառվում են լուրեր, թե  Պետդեպարտամենտը ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկում Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի, Զամբիայի և Եգիպտոսի հետ ընդգրկելէ նաեւ Հայաստանը:

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կազմակերպած միջոցառման ժամանակ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկությունները` դեսպան Հեֆերնը ասել է. «Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան և Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն: Միացյալ Նահանգների յուրաքանչյուր դեսպան պարտավոր է ամեն ինչ անել ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար` անկախ նրանից` այդ երկրում որեւէ իրադարձություն եղե՞լ է, թե՞ ոչ»:

Ջոն Հեֆերնը նշել է, որ վերջին ողբերգական իրադարձություններից հետո ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը արդեն իսկ դիմել են իրենց քաղաքացիներին` զգոն լինելու կոչով:

«Սա ամբողջ աշխարհում է կատարվում, և Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որևէ տեղեկատվություն չկա, և Հայաստանի հետ որևէ առնչություն չունի»,- ընդգծել է դեսպանը։

Վերջում Ջոն Հեֆերնը նշեց, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

«Ազատություն» ռ/կ

Տեսանյութեր

Լրահոս