Պուտինի ելույթի՝ մամուլի ձեռքն ընկած նախնական տեքստում խոսք կա «հողերի հավաքման» մասին
Ռուսական մի շարք լրատվամիջոցների, մասնավորապես՝ newsru.com-ի տրամադրության տակ հայտնվել է Դաշնային խորհրդի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախապատրաստվող ելույթի նախնական տեքստը: Այն, դատելով ամեն ինչից, վերջնական չէ, և կարող է անճանաչելիության աստիճանի փոխվել:
Սևագրության արտաքին քաղաքականության մասին բաժնում նշվում է, որ «Ռուսաստանն իրերը կանվանի իրենց անուններով»:
«Աշխարհում իրավիճակը փոխվում է: Հակասությունները կուտակվում են և կարող են հանգեցնել դրանք ուժային ճանապարհով լուծելու փորձերի… Գնալով ավելի շատ են դառնում ուղղակի նմանությունները նախորդ դարի 20-30-ականների հետ»,- ասվում է Պուտինի համար նախատեսված ելույթում:
Նախագահին նաև հանդուրժողականության խորհուրդ է տրվում. այդ հատվածում ելույթի տոնը պետք է առավելագույնս կոշտ լինի: Այնուհետև նախագահին խորհուրդ է տրվում Արևմուտքին մեղադրել «երկակի ստանդարտների» և «հրթիռա-ռումբային» ժողովրդավարության մեջ:
Խոսքի ազատության և հանդուրժողականության մասին խոսելիս՝ նախագահը պետք է հարցադրում կատարի. «Ո՞ւմ պետք է ժողովրդավարացնեն, այն էլ այնպես, որ քարը քարին չմնա»:
«Աշխարհի քարտեզի վրա գնալով ավելի քիչ են դառնում ինքնիշխան պետությունները և շատ՝ «պրոտեկտորատներից» կախված և անկայունության գոտում գտնվող երկրները: Ժողովրդավարության իմիտացիան և ընտրութունների աղավաղումը երևում է մի շարք «հետհեղափոխական» և «ազատված» երկրների օրինակում»,- ասվում է Պուտինի սպասվող ելույթում:
Արտաքին քաղաքականությունն աշխատում է ազգային շահերի վրա, ընդ որում՝ ՄԱԿ-ի, BRICS-ի, APEC-ի, G8-ի և G20-ի շրջանակներում: Սակայն արտաքին ուղղությամբ գլխավորն է «լինել ուժեղ»՝ բառի պաշտպանական-ռազմական իմաստով,- ասվում է տեքստում:
Տեքստի արտաքին քաղաքական հատվածում հիշատակվում է նաև «հողերի հավաքման» մասին, ինչը, ըստ թերթի, կարող է արձագանք գտնել ԱՊՀ երկրների և առավել հեռավոր հարևանների շրջանում: