Ընդդիմադիրների ելույթները հակասահմանադրակա՞ն

5-րդ գումարման ԱԺ-ի սեպտեմբերի 12-ի նիստից հետո ՀԱԿ անդամները հայտարարեցին, որ ԱԺ ղեկավարությունը արդեն մի քանի տարի է` կոպտորեն խախտում է ԱԺ կանոնակարգ-օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը:

Բանն այն է, որ Հանրային հեռուստաընկերությունը գրաքննության է ենթարկել և կրճատված տարբերակով եթեր հեռարձակել ԱԺ հայտարարությունների ժամին հնչեցրած ՀԱԿ պատգամավորների հայտարարությունները և կառավարության հետ հարցուպատասխանը:

Հանրային հեռուստաընկերության պատասխան պարզաբանման մեջ նշվում է, որ պատգամավորների ելույթներն ու կառավարության անդամներին ուղղված հարցերի տեսագրությունն ամբողջությամբ Հ1-ով ցուցադրելու դրույթները Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական են ճանաչվել, ահա ինչու Հ1-ը, օգտվելով խմբագրական ազատությունից, իր նախաձեռնությամբ է եթեր հեռարձակում ելույթները:

ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, փաստաբան Էդմոն Մարուքյանը նշել է, որ տեղյակ է Սահմանադրության որոշումից, որը դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ հակասահմանադրական էր ճանաչել վերոնշյալ որոշումը` հիմք ընդունելով հեռուստաընկերության վրա պարտադրանքի հանգամանքը:

ԳԱԼԱ-ի թղթակիցը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ի պաշտոնական կայքում տեղադրված էին միայն ՍԴ անդամների օգնականների հեռախոսահամարները: Հարցը մինչև վերջ չլսելով` ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի օգնական Քրիստինե Հովհաննիսյանը կտրուկ պատասխանել է.

«Ես ոչ մի պարզաբանում չեմ տա, ուղղակի չեմ տա»: Նա ավելացրել է նաև, որ չի ներկայացնում Սահմանադրական դատարանը, այլ միայն Սահմանադրական դատարանի անդամի օգնական է: Թե ինչ մարմին է ներկայացնում Քրիստինե Հովհաննիսյանը, եթե ոչ` Սահմանադրական դատարանը, մնում է անհասկանալի:

Տեսանյութեր

Լրահոս