Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանին: Այս մասին 168.am-ին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արայիկ Քոթանջյանին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար և, բարձր գնահատելով  վերջին տարիներին Քանաքեռ-Զեյթունում կատարված դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, հույս է հայտնել, որ  քաղաքապետի՝ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման գծով խորհրդականի նոր պաշտոնում Արայիկ Քոթանջյանն իր հետագա աշխատանքով ևս կնպաստի համայնքային ծրագրերի իրականացմանը:

 

Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ  վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Գևորգ Ղազարյանը, իր հասարակական գործունեության շրջանակում առնչվելով տեղական ինքնակառավարման համակարգին, ծանոթ է առկա հիմնախնդիրներին և հստակ պատկերացնում է դրանց լուծման ուղիները:

«Վստահ եմ, որ, ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կշարունակի մնալ լավագույն և օրինակելի վարչական շրջաններից մեկը: Մեզ համար այսօր կարևոր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացմանն ուղղված ծրագրային քայլերի իրականացման ուղղությամբ: Ակնկալում ենք արդյունավետ և բեղմնավոր աշխատանք»,- նշել է քաղաքապետ Տ. Մարգարյանը:

Քաղաքապետը հատկանշել է, որ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ վարչական շրջանի առջև ծառացած բոլոր խնդիրները հնարավոր կլինի կարճ ժամանակում լուծել և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ապահովել կայուն զարգացում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լրատվամիջոցները տեղեկացնում էին, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

Տեսանյութեր

Լրահոս