Երբ ապակողմնորոշում են հասարակ քաղաքացուն

Առաջիկա հանրաքվեն խոստանում է լինել բավականին ինտրիգային, քանի որ քաղաքական դաշտում հիմնական խաղացող գրեթե բոլոր ուժերը (բացի իշխանության ներկայացուցիչներից և նրանց սատելիտներից) բառացիորեն արհամարհեցին այդ ֆարսը՝ այն համարելով հակաիրավական և ոչ լեգիտիմ քայլ, որով ցեխ է շպրտվում պետության ողջ դատաիրավական համակարգի վրա։

Ստեղծված իրավիճակը գործող իշխանության և, հատկապես, Նիկոլ Փաշինյանի համար ստեղծել է բավականին դիսկոմֆորտ վիճակ, հենց դրանով է պայմանավորված, որ հենց սկզբից Փաշինյանը գործի դրեց իր մանիպուլյատիվ տաղանդը։

Փետրվարի 17-ին՝ հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի առաջին օրը, բոլորս ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի հերթական շարքային «ժուլիկությանը», երբ նա, իր ֆեյսբուքյան պատին տեղադրելով կիսաքանդ և նոր ասֆալտապատված ճանապարհների երկու լուսանկար, փորձեց այն համադրել «այո»-ին և «ոչ»-ին ձայն տալու հետ՝ նշելով, թե ինչ կինի սխալ ընտրության դեպքում։ Սա ակնհայտորեն «ժողովրդական վարչապետի» կողմից արված էժան քայլ էր, քանզի սրանով նա փորձում է խաղալ իր հասարակության ոչ բանիմաց հատվածի սրտի նուրբ լարերի հետ և իրենց ցանկալի երևույթը մատուցել Պողոսի քիմքին հաճելի սոուսով։

Բնական է՝ Պողոսն այդպես էլ չընկալեց, որ իր ականջներին կախվում է լապշայի հերթական չափաբաժինը, այլ հպարտացավ, թե որքան «ուժեղ տղա է իր ամենակարող վարչապետը»։

Կարևոր է նկատել, որ իշխանությունները հենց նման քայլերի միջոցով էլ փորձելու են անցկացնել քարոզարշավի 50 օրերը, քանզի չկա սուբյեկտիվ կոնկրետ թիրախ, իսկ հասարակ մարդուն դժվար է բացատրել, թե ինչ է սահմանադրությունը, եթե, իհարկե, մասնագետ չես։

Իրականում, հասարակ գյուղացուն մեծ հաշվով ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է Սահմանադրությունը, կամ ինչ ֆունկցիաներ է կատարում Սահմանադրական դատարանը։ Նրա համար կարևոր է, որ այդ ամենն ասում է Փաշինյանը, իսկ թիրախում «կոռումպացված» Հրայր Թովմասյանն է, որից ամեն գնով պետք է ազատվել, եթե անգամ այդ գինը պետբյուջեի վրա նստում է 3,4 մլրդ դրամ։ Հստակ պետք է արձանագրենք, որ Փաշինյանն ու իր քարոզիչներն ազգաբնակչությանը փաստացի չեն կարողանալու բացատրել, թե այս երկու տարիների ընթացքում ՍԴ-ն իր վարքագծով ինչպե՞ս է խոչընդոտել իշխանությունների գործունեությանը։ Կարճ ասած՝ հանձին Հրայր Թովմասյանի, հերթական անգամ դեմոնիզացվելու են նախկին իշխանությունները, և դա լինելու է Նիկոլ Փաշինյանի ֆիշկան։

Փաշինյանը հասկանալով, որ ՀՀԿ-ն, որն իր գլխավոր թիրախն է եղել և շարունակում է մնալ, ներկայումս ոչ մի կերպ չի սադրվում և իր մասնակցությամբ չի լեգիտիմացնում  հակասահմանադրական հանրաքվեի գործընթացը, չի դառնում թիրախ, ստիպված է հանրությանն արհեստականորեն պարբերաբար տարբեր դրվագներ հիշեցնել նախկին համակարգի ժամանակներից և դա հակադրել իր իշխանության տարիների «փայլուն» ձեռքբերումների հետ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգում է հեղափոխության դառը պտուղները՝ կյանքի թանկացում, ապրանքների և ծառայությունների թանկացում, գրեթե զրո ներդրումներ երկրում, զրո աշխատատեղերի ստեղծում, տնտեսության անկում… բյուջեի միջոցների մսխում՝ միլիոնավոր դոլարների հասնող…

Վերադառնալով լուսանկարին: Թեպետ, եթե խորամուխ լինենք և փորձենք ուսումնասիրություն անցկացնել, ապա վերջին 20 տարիների ընթացքում հանրապետության ճանապարհները կապիտալ վերանորոգվել են բազմակի անգամներ․ տվյալ դեպքում Փաշինյանի հրապարակած լուսանկարն ավելի համահունչ էր 1998-ից առաջ և 2000-ականների ՀՀ ճանապարհների վիճակի հետ․ դա կլիներ դասական արտացոլանքը ՀՀ իշխանությունների վերաբերմունքի։ Նման թեմաների մասին արհեստական շահարկումներ անելով՝ Նիկոլն իր համար «կոմֆորտ-զոնա» է ստեղծում, իր ոճի քարոզարշավ անցկացնելու համար, քանի որ նրան բնորոշ է ատելության քարոզ իրականացնելով՝ հանրության շրջանում քաղաքական աջակցություն ստանալ։ Զարմանալին այն է, որ իշխանության տարբեր պատգամավորներ ու ներկայացուցիչներ պարբերաբար խոսում են հայաստանյան իրականությունում ատելության խոսքի աճի մասին՝ դա համարելով գործող իշխանությունների նկատմամբ հերթական «հիբրիդային գրոհը»։

Հատկանշականն այն է, որ նրանք դա անում են դեմքի ամենայն լրջությամբ, առանց փոքր-ինչ խղճմտանք զգալու՝ մոռանալով, թե ով է ատելության խոսքի կնքահայրը Հայաստանում, ով իր հռետորաբանությամբ խեղեց բարեկիրթ դիսկուրսը՝ այն դարձնելով փողոցային «ռազբորկա»։

Վերջին օրերին «Այո»-ի քարոզիչներն ասում են, թե ՍԴ-ն նախկին իշխանության վերջին բաստիոնն է, և հեղափոխությունը պետք է վերջնականապես հաղթի․ ըստ էության, հանրությանը նման կեղծ և ապակողմնորոշիչ հնարքներով տեղամասեր տանելու գաղափարը հանգեցնելու է կրախի և ուղղակի չի աշխատելու:

Այս գործընթացն ի սկզբանե գնացել է իրավական լրջագույն խախտումներով: Ի դեպ, չի կարելի բացառել, որ Վենետիկի հանձնաժողովը հերթական անգամ իր վերապահումները հայտնի այս գործընթացի վերաբերյալ, ինչպես օրերս իրավացիորեն արդեն նշել էր լրատվականներից մեկը։ Փաստ է՝ Հրայր Թովմասյանի և մյուս վեց դատավորների հարցը կա ընդամենը իշխանության օրակարգում, իրենք են նրանց առաջնային թեմա սարքել և պայքարում: Այս հանրաքվեն ՍԴ-ն Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ առնելու ուղղությամբ քայլ է:

Նպատակը՝ իր ձևավորած հլու-հնազանդ Սահմանադրական դատարանի միջոցով անցկացնել օրենքներ և նախաձեռնություններ, որոնք դեմ են և մեր հոգեկերտվածքին, և մեր պետության շահերին:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս