Ռասմուսենը «Եվրոնյուզի» հարցազրույցում հերքել է, թե Երևանում հականատօյական ակցիաներ են եղել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը «Եվրոնյուզ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատասխանել է հայաստանյան իր այցին վերաբերող հարցին: Մասնավորապես՝ Եվրաատլանտյան դաշինքի ղեկավարը պարզաբանել է, թե արդյո՞ք Հայաստանում իրականացված ակցիաները հականատօական բնույթ ունեին, և արդյո՞ք Ռասմուսենը չի զգում որոշակի պատասխանատվություն այն բանի համար, ինչը պատահեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ մահացած հայ զինվորականի հետ:
«Դա շատ ողբերգական դրվագ է: Թույլ տվեք ինձ միայն նշել, որ Երևանում ես ոչ մի հականատօական ակցիաներ չեմ տեսել»,- ասել է Ռասմուսենը՝ հավելելով որ իր տեսածը երիտասարդների ելույթներ էին, որոնք համաձայն չէին Սաֆարովին ներում շնորհելու՝ Ադրբեջանի որոշման հետ: «Այդ սարսափելի հանցագործությունը պետք չէ փառաբանել: Ես խորապես անհանգստացած եմ, որ այդ սպային ներելու Ադրբեջանի որոշումը կարող է վերացնել վստահությունը և չի նպաստի կայունությանը, համագործակցությանը և խաղաղությանը տարածաշրջանում», – եզրափակել է ՆԱՏՕ-ի ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս