Չինաստանի փոխնախագահը հայտնվեց. նա սրտի կաթված էր ստացել
Արդեն 10 օրից ավելի Չինաստանում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ պետության երկրորդ դեմքը` երկրի փոխնախագահ Սի Ցզինպինն անհետացել է: Այս ամենը մեծ անհանգստություն և միևնույն ժամանակ հետաքրքրություն էր առաջացրել թե քաղաքացիների, թե բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, գրում է The Telegraph-ը:
59-ամյա Ցզինպինի անվան շուրջ տարատեսակ լուրեր ու բամբասանքներ էին շրջանառվում` հրաժարականից մինչ ողբերգական մահ: Իսկ պաշտոնական աղբյուրները լռում էին. որևէ մեկնաբանություն չէր արվում:
Սակայն, ինչպես այսօր է հայտնի դարձել, փոխնախագահի տարօրինակ բացակայության պատճառն է եղել սրտի կաթվածը, ինչի մասին հայտարարել է բարձրաստիճան մի պաշտոնյա:
Նա նաև նշել է, որ Ցզինպինն արդեն ապաքինվում է և որ անպայման կմասնակցի Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ հավաքին, որի ժամանակ, ինչպես ենթադրում են քաղաքական վերլուծաբանները, Ցզինպինը երկրի հաջորդ ղեկավար կհայտարարվի: