Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 18-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն:
Խոսվել է նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի շուրջ: