Ընտրակեղծարարները` ընտրության առջև
Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին գործընթացները ոչ միայն չեն հանդարտվում, այլև նոր թափ են ստանում: Պարզապես դրանք դեռևս ընթանում են «լուռ հակամարտության ռեժիմով»: Խոսք,` մասնավորապես, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծավալված հակամարտության մասին է, որը նոր դրսևորումներ ստացավ Սաֆարովի արտահանձնման ու դրան հետևած իրադարձությունների արդյունքում:
Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի արագ ու կոշտ արձագանքը, ամերիկյան քաղաքական գրեթե բոլոր կենտրոնների, նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի կողմից արտահայտված դիրքորոշումը` Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ Ադրբեջանից պարզաբանումներ ակնկալելու մասին, Ռուսաստանի ուշացած ու անորոշ վերաբերմունքը նույն Սաֆարովի գործին, ՀԱՊԿ զորավարժությունների հետաձգումն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան… լրջագույն այս իրադարձությունները տեղի ունեցան ընդամենը մեկ-երկու շաբաթների ընթացքում` Հայաստանին բազմիցս դնելով «երկու քարի» արանքում: Ակնհայտորեն Հայաստանից ավելի հստակ դիրքորոշում են պահանջում թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից: Ու դա արտահայտվում է երկուստեք հնչող հայտարարություններում: Դրանց վերջին «ռաունդը» կարելի է համարել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հարցազրույցն ու Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի այցը Հայաստան:
Ռուսաստանի դեսպան Վ. Կովալենկոն «Նովոստի Արմենիի» գործակալությանը տված հարցազրույցում` առանց ավելորդ դիվանագիտական ձևականության, հայտարարել էր. «Հենց Ռուսաստանը, ինչպես ոչ մեկ անգամ է եղել պատմության ընթացքում, հանդես է եկել Հայաստանի անվտանգության, նրա ինքնության երաշխավորի դերում և այժմ էլ գտնվում է իր դաշնակցի կողքին»: Այնուհետև դեսպանը ոլորտ առ ոլորտ թվարկել էր Հայաստանում ռուսական կապիտալի ներդրումները: Այդ հարցազրույցի իմաստն այն էր, որ առանց Ռուսաստանի՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը «կկորցնեին անվտանգությունն ու ինքնությունը», ինչպես նաև չէին կարողանա գոյատևել տնտեսապես:
Այլ կերպ ասած`դեսպանը գրեթե ուղղակիորեն ասել էր` «Հայաստանին Ռուսաստանն է պահում»: Դա ոչ այլ ինչ էր, քան օգոստոսի 8-ին նախագահ Սերժ Սարգսյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի հայտարարության շարունակությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանից տարեկան 1 մլրդ դոլարի տրանսֆերտներ է ստանում:
Եվ ահա այսօր, ըստ Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ աջակցության նպատակով արդեն աշխատանքներ են սկսել միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանի համար դոնորների կոնֆերանս կազմակերպելու ուղղությամբ:
Խոսքը վերաբերում է այն կոնֆերանսին, որը պետք է տեղի ունենար ամռանը, և որի ժամանակ եվրոպական դոնորները Հայաստանին պետք է մոտ 1 մլրդ եվրոյի վարկային ռեսուրսներ տրամադրեին: Այդ համաժողովը, սակայն, չկայացավ` ըստ տարբեր տեղեկությունների, Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ խոսակցությունների պատճառով:
Հիմա, փաստորեն, ԵՄ-ի պաշտոնյան ակնարկել է, որ մոտ ապագայում այդ օգնությունը կարող է հատկացվել: «Արդեն աշխատանքներ են սկսել կոնֆերանսը կազմակերպելու ուղղությամբ» արտահայտությունը նշանակում է, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի, եթե… Ի դեպ, պատահական չէ, որ այս հայտարարությունը հնչել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին խոսակցությունների նախօրեին: Իհարկե, դեռևս հայտնի չէ` Պուտինը կայցելի՞ Հայաստան, թե՞ ոչ, սակայն եվրոպացի պաշտոնյայի ակնարկը ՀՀ իշխանություններին այն է, որ՝ «Պուտինի այցով շատ մի ոգևորվեք, այն, ինչ ակնկալում եք ռուսներից, կարող են տրամադրել եվրոպական դոնորները»:
Փաստորեն, ռուսներն իրենց բնորոշ ոճով «երեսով են տալիս» Հայաստանում կատարված ներդրումները` ստիպելով կողմնորոշվել, նույնն անում են եվրոպացիները` իրենց բնորոշ ոճով: Զուտ էսթետիկական տեսանկյունից, իհարկե, տարբերություն կա «մուննաթի» և «հորդորի» միջև, սակայն դրանից խնդրի էությունը գրեթե չի փոխվում:
Որքան էլ մեր պաշտոնյաներն անգիր արած կրկնեն, թե եվրոպական և եվրասիական ինտեգրացիան իրար ոչ թե հակասում, այլ փոխլրացնում են, իրականում Հայաստանը կանգնած է ընտրության առջև: Ռուսներն այդ մասին ակնարկում են գրեթե սպառնալիքներով, «արևմտյան գործընկերները»` Սաֆարովի գործից հետո ցուցաբերած քաղաքական աջակցությամբ ու նաև՝ ֆինանսական հետևանքներ ենթադրող գործողություններով: Ընտրություններ կեղծելու մեջ մասնագիտացած Հայաստանի իշխանությունների համար, սակայն, սա շատ դժվարին ընտրություն է. որևէ կեղծիք կարող է չներվել հակառակ կողմից: