«Ոտքի վրա» ճեպազրույց Մյունխենում
Այն հանգամանքում, որ Արցախի բանակցային գործընթացը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, համոզվել ենք քանիցս, բոլորս առավել հետաքրքիր ու հետևողական ենք եղել հանդիպումներից հետո արվող հայտարարությունների և հնչող կարգավորման պնդումների նկատմամբ։ Ինչպես հայտնի է, օրերս Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հայ և ադրբեջանցի ղեկավարների բոլոր հանդիպումները, որպես կանոն, ունենում են պրոտոկոլային հատված, որտեղ հանրության և լրագրողական սեգմենտի համար որոշ «ժպիտներով» ողողված լուսանկարներ ու ձեռքսեղմումներ են տեղի ունենում, իսկ հետո արդեն տեղի է ունենում բուն քննարկումը՝ արդեն փակ ֆորմատով։
Հերթական հանդիպումից հետո երկու կողմերի փոխհամաձայնությամբ տեղի ունեցավ երկու երկրների ղեկավարների բրիֆինգ՝ կապված արցախյան հիմնահարցի կարգավորման հեռանկարներին (տեղի ունեցավ պանելային քննարկման ձևաչափով)․ Փաշինյանն ու Ալիևը միմյանց բաց տեքստով հարցեր տալու հնարավորություն ունեին, ինչպես նաև պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հատկանշականն այն է, որ այս դեբատից հետո իշխանություններին սպասարկող լրատվականներն ու վիրտուալ տիրույթում սպասարկող շրջանակները ողջ թափով սկսեցին «փառաբանել» Փաշինյանի «հզոր դիվանագիտական տաղանդն» ու «աննախադեպ» ելույթը՝ փաստարկված անհերքելի, «հզոր» հակափաստարկներով։
Ըստ էության իշխանության ագիտպրոպին հանձնարարված էր Փաշինյանի գովքն անել՝ առանց բուն բովանդակության մեջ խորամուխ լինելու։ Հասկանալի է, որ այդ շոուն արվում է շարքային քաղաքացիների համար ևս մեկ անգամ տեսարան ապահովելու և «Նիկոլի՝ դեմոկրատի» միֆը համապատասխան փաթեթավորմամբ մատուցելու համար։
Իշխանական թևի թեզերից է նաև այն պնդումը, թե նախկինում ևս եղել է նման «ռեալիթի շոուի» մասնակցելու առիթ, ինչից, ըստ լուրերի, հրաժարվել են, և դա է պատճառը, որ «նախկին ռևանշիստները» քննադատում են ու տեղի ունեցած աննախադեպ քննարկումը դարձնում շահարկման առարկա։
Ակնհայտ է, որ ընտրվել էր շատ անհաջող ձևաչափ, որը, ինչպես և կանխատեսելի էր, ունեցավ ոչ այդքան դրական արձագանք։ Փաստն այն է, որ տեղի ունեցած դեբատն ապացուցում է, որ բավականին տրամաբանված է եղել նախկինում նման անհասկանալի ու բաց քննարկում անցկացնելու իմաստը։ Ասվածի ապացույցն այն է, ինչի մասին նաև խոսել են միջազգային փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ, որ տեղի ունեցած դեբատը բանակցային գործընթացին ոչ մի բանով չնպաստեց և չբերեց որևէ առաջընթացի։ Կարող ենք վստահաբար ասել, որ ընտրված բանաձևն ավելի շատ ուղղված էր ներքին լսարանին որոշակի «հագեցնելուն», քան բանակցային գործընթացին ինչ-որ կերպ նպաստելուն։ Եթե կարճ՝ սա բանակցությունների հետ կապ չունեցող երկխոսություն էր կամ «ոտքի վրա» արված ճեպազրույց։
Ադրբեջանական կողմը ոչ մի հիմնավոր փաստարկ չօգտագործեց և նոր խոսք չասաց․ հռետորաբանությունն ու տեքստերը նույնն էին, ցանկությունները՝ նույնպես։ Փաշինյանի կողմից առհասարակ անհեթեթ էր Տիգրան Մեծի մասին խոսակցություն սկսելը, քանի որ այդ հանգամանքն ընդհանրապես վիճելու ու քննարկման նյութ դարձնելու կարիք բնավ չուներ։ Առավել ևս, երբ պատմական իրադարձություններին նա չի տիրապետում:
Բանակցային գործընթացի հետ կապված ոչ մի ակնարկ ու բաց տեքստով արված որևէ դիտարկում ընդհանրապես չկար։ Ադրբեջանը ունի քարոզչական այս հնարքի կարիքը, քանի որ նա սեփական հասարակությանը մշտապես կերակրել է հակահայկական թեզերով ու քարոզչությամբ, ուստի նրանց տեսանկյունից հարցը հասկանալի է։ Իսկ հայ հասարակությունն այդ մանիպուլյացիայի կարիքը բնավ չուներ։ Տեղի ունեցած «ռեալիթի շոուի» ընթացքում մենք բանակցային գործընթացի մասին, ըստ էության, ոչինչ չիմացանք։ Այն բավականին լարված մթնոլորտում անցավ, զուրկ էր բովանդակային լուրջ բանավեճից և ավելի շատ հիշեցնում էր սիրողական մակարդակի քննարկում։ Բացակայում էին նորմալ փաստարկված պնդումները և թեմայի վերաբերյալ հստակ հիմնավորումները։ Փաշինյանն իր խոսքում ոչ մի անդրադարձ չարեց Բաքվի և Սումգայիթի ջարդերին, այնինչ Ալիևը հերթական անգամ միջազգային հարթակից հնչեցրեց Ստեփանակերտի՝ ադրբեջանական քաղաք լինելու և Ադրբեջանի ու ցարական Ռուսաստանի միջև «կնքված» ինչ-որ անհայտ պայմանագրերի մասին։
Ալիևի պարագայում ամեն ինչ հստակ է ու հասկանալի՝ նա դնում է միայն տարածքային ամբողջականության հարցը, այն «հիմնավորելով» պատմաքաղաքական ու իրավական բացահայտ ստերով: Դա իրականում փաստարկների սակավության հետևանք է, ինչը չի կարելի ասել հայկական կողմի մասին: Փաշինյանը լիովին չօգտվեց այդ հանգամանքից: Անհրաժեշտ էր փաստարկները շարադրել հստակ ու հասկանալի բոլորի համար: Այս ամենը վկայում են նրա մասին, որ Նիկոլը չի տիրապետում Արցախի բանակցային գործընթացին, և այն հանդիսանում է նրա աքիլեսյան գարշապարը։ Փաշինյանը բառացիորեն ոչ մի խոսք չասաց Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ, ինչը, շատերի համոզմամբ՝ ամենազորավոր փաստարկներից մեկն էր, երբ քնած ժամանակ կացնահարվեց Գուրգեն Մարգարյանը։
Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո հանդիպման պաշտոնական էջի տակ ամբողջությամբ աշխատում էր ադրբեջանական քարոզչամեքենան․ հայկական կողմն ակնհայտ պարտվում էր։ Ի զարմանս բոլորիս՝ այս թեմայի հետ կապված բավականին պասիվ էին նաև իմքայլականները, որոնք այլ դեպքերում թեման դարձնում են հորջորջման առարկա։ Նման դեպքերում հենց պատգամավորական և իշխանական բարձրաստիճան ներկայացուցիչները պետք է թեման ներկայանալի դարձնեն և ճիշտ սոուսով մատուցեն միջազգային հարթակներում՝ իրենց գործընկերներին թեմայի մասին մանրամասներ հրամցնելու նպատակով։
Այն, ինչ ներկայացրեց ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը՝ այն անվանելով «մյունխենյան սկզբունքներ», ընդամենը սիրողական մակարդակի շարադրություն էր հիշեցնում, քանի որ այնտեղ հստակ ամրագրված և հստակ փաստարկված ոչ մի սկզբունք գոյություն չունի, և այն, որ իշխանություններն ու իշխանամերձ մամուլը պնդում է, թե կարգավորումը տեղի կունենա այս սկզբունքների շրջանակում, գիտակից հանրության և փորձագիտական սեկտորի մոտ առաջացնում է ժպիտ, քանի որ նրա ներկայացրած «ստատուսի» մեջ ոչ մի սկզբունք իրականում գոյություն չունի։
Փաշինյանը իր ելույթում չհնչեցրեց անգամ այն կարևոր միտքը, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Կարևոր է նշել նաև, որ ներկայումս բավականին լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում, այդ թվում՝ տարածաշրջանային, և այս բուռն զարգացումների ֆոնին շատ կարևոր է ճիշտ դիրքավորվել և Արցախի հարցի հետ կապված ավելորդ սայթաքումներ, այդ թվում՝ խոսքային մակարդակում, թույլ չտալ։ Պետք է հաշվի առնել ռուսական շահերի բախումը, իրանական ու թուրքական գործոնները, ինչպես նաև՝ ԱՄՆ և ընդհանուր Արևմուտքի ռազմական ու քաղաքական հետաքրքրություններն ու նկրտումներն ինչպիսիք են։ Արդյոք ՀՀ օրվա իշխանությունն այս ամենի մեջ խորամուխ եղե՞լ է։
Արմեն Հովասափյան