Սեյրան Օհանյանն այցելել է առաջիկա ՀԱՊԿ զորավարժությունների զորավարժարան
Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարան, որտեղ տեղակայված են «Փոխգործակցություն 2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումները:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է վրանային ավանում, ծանոթացել զորավարժություններին մասնակցող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հանդիպել է ազգային ստորաբաժանումների հրամանատարների հետ: Անցկացված խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը տվել է մի շարք ցուցումներ և հրահանգներ՝ զորավարժության նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:
Զորավարժության ընթացքում կիրառվող զինտեխնիկայի ցուցադրման հրապարակում անցկացված ստուգայցից հետո ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել «Փոխգործակցություն 2012» զորավարժության երկրորդ վարժանքին՝ մարտական հրաձգությամբ:
Այցելության ավարտին Սեյրան Օհանյանը նշել է, որ զորավարժության նախապատրաստական աշխատանքների ընթացքում ցուցաբերված արդյունքները գոհացուցիչ են, և հավելել, որ Հայաստանը պատրաստ է «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը: