Հունգարիայի ընդդիմադիրները պահանջում են «բարոյապես սնանկ» վարչապետի հրաժարականը

Հունգարիայի վարչապետը «բարոյապես  սնանկ» է եւ պետք է հրաժարական տա` ընդունելով, որ ինքն անձամբ է հաստատել մարդասպան Սաֆարովի արտահանձնման որոշումը` չնայած այն հանգամանքին, որ քաջ գիտակցել է դրա հնարավոր հետեւանքների մասին. տեղեկացնում է ամերիկահայերի «Ասպարեզ» օրաթերթը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ընդդիմության ներկայացուցիչ, Սոցիալիստների առաջնորդ Աթիլա Մեստերհազին` Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ:

Մեստերհազին նշել է, որ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Օրբանի արած հայտարարություններից պարզ է դարձել, որ Օրբանը տեղյակ է եղել, թե  հայրենիք ոտքը դնելուց հետո Ադրբեջանը անմիջապես ազատ կարձակի Սաֆարովին: Ընդդիմադիր գործիչն ասել է, որ Հունգարիայի արտգործնախարար Յանոշ Մարտոնյին եւ արդարադատության նախարարը նախազգուշացրել են Օրբանին` նրա գործողությունների հնարավոր հետեւանքների մասին, այդուհանդերձ վարչապետն այդ որոշումը կայացրել է: «Օրբանն առանց մտածելու որոշում է կայացրել, եւ այս սկանդալում նա միակ մեղավոր ֆիգուրն է»,-ասել է Սոցիալիստների առաջնորդը:   Մեստերհազին նշել է նաեւ, որ եթե Օրբանը հրաժարական չտա, ապա «Fidesz» իշխող քաղաքական կուսակցության օրենսդիրները պետք փորձեն վերահսկել եւ կանխել նրա գործողությունները, որպեսզի երկրին նոր վնասներ չհասցնի:

Ավելի վաղ, նույն օրը, վարչապետ Վիկտոր Օրբանն արձագանքել էր Origo.hu լրատվական կայքում հրապարակված հոդվածին, որում նշված էր, թե Օրբանն է հրահանգել արտահանձնել Սաֆարովին` հստակ իմանալով, որ հայրենիք վերադառնալուց հետո մարդասպանին ազատ են արձակելու: Օրբանն այս կապակցությամբ ասել է, թե որոշումն ընդունվել է կառավարական մակարդակով, որտեղ բոլոր նախարարները ներգրավված են եղել, սակայն, բնականաբար, վերջին խոսքն իրենն է եղել:  Վարչապետի գրասենյակի ղեկավար Յանոշ Լազարն իր հերթին հերքել է Origo-ի տեղեկությունը` ասելով, որ վարչապետ Օրբանը որեւէ հրահանգ չի տվել Սաֆարովի արտահանձման հետ կապված:  Սակայն Սոցիալիստների առաջնորդ Աթիլա Մեստերհազին պնդել է, որ Լազարը ստել է եւ կեղծ մեկնաբանություն  է տվել:

 

Տեսանյութեր

Լրահոս