Քանդակագործն առաջարկում է Գառնու տաճարում ցուցադրություն կազմակերպել

Այս օրերին Հայաստանում է գտնվում Հոլանդիայում ստեղծված հայտնի «Kandak» ավազի արձանագործության ընկերության հիմնադիր-նախագահ Վազրիկ Մանասսիանը: Աշխարհի տարբեր երկրների արվեստի կենտրոնների, խոշոր ընկերությունների կամ ուղղակի քաղաքային իշխանությունների առաջարկով «Քանդակ» ընկերությունը՝ հանձին հիմնադիր Վազրիկ Մանասսիանի, տեղում ձեռքի աշխատանքով ծավալային քանդակներ է ստեղծում, որոնք դիտելու են գալիս միլիոնավոր զբոսաշրջիկներ:

Ի դեպ, ավազի արձանագործությունը, արվեստ լինելուց բացի, բավական խելամիտ կիրառվում է նաև որևէ արտադրության ապրանքանիշը գովազդելու համար: «Քանդակ» ընկերությունը 2004թ. Հոլանդիայում «Stichting Kip Artistique Barneveld» անունը կրող մեծ նախագիծն իրականացրեց. ավազից թվով 92 հավերի քանդակներ ստեղծեց, յուրաքանչյուրը` 2 մետր բարձրությամբ: Այնուհետև շուրջ 92 նկարիչներ, իրենց ոճին համապատասխան` հավերի այդ քանդակների վրա նկարեցին:

Նախագծի իրականացումից հետո թռչնաբուծական և հավկիթի արտադրությամբ զբաղվող աշխարհի տարբեր երկրների ընկերություններ ցանկություն հայտնեցին այդ քանդակներից գնել և որպես խորհրդանիշ՝ տեղադրել արտադրական բազայի կենտրոնում: Հավերի այդ քանդակների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվել և առ այսօր փոխանցվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց: Այդ քանդակներն այսօր էլ տեղադրված են Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի մեծ գործարաններում:

Այսօր էլ այդ ակցիան շարունակվում է: Քանդակներ տեղադրելու առաջարկով Վազրիկ Մանասսիանին են դիմում սննդամթերք արտադրող միջազգային ճանաչում ունեցող ընկերությունները: Քանդակները պատրաստվում են ավազով, աղով, բրոնզով, բետոնով, գիպսով և այլ նյութերով: Վ. Մանասսիանի ամենասիրելի նյութը, սակայն, կավը, ավազն ու աղաքարերն են: Այժմ նա աշխատում է մի նախագծի վրա, ըստ որի` քանդակներ է պատրաստում աղաքարերից: Դրա առանձնահատկությունը նաև այն է, որ տան մեջ այդ քանդակը կլանում է օդի խոնավությունը և ունենալով օդը զտելու բնական ֆունկցիա` առողջ էկոլոգիա է ստեղծում:

Կարդացեք նաև

Մեր հայրենակից Վազրիկ Մանասսիանը ծնվել է Թեհրանում, նկարիչ-քանդակագործի մասնագիտություն ձեռք բերելուց հետո տեղափոխվել է Հոլանդիա: 23 տարի է, բնակվում է Հոլանդիայում, սակայն տարվա մեջ 1-2 անգամ պարտադիր գալիս է Հայաստան: Արվեստի տարբեր ակադեմիաներում է դասավանդել և այսօր էլ հոլանդացի ուսանողների համար քանդակագործության դասընթացներ է կազմակերպում:

Շուրջ 15 տարի զբաղվելով ավազի արձանագործությամբ` նա մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների: Չինաստանում, Իսպանիայում կազմակերպված փառատոների ընթացքում ավազից քանդակներ կերտելու գործընթացին ականատես լինելու համար այդ երկրներ են գալիս միլիոնավոր զբոսաշրջիկներ: Այլ կերպ ասած` փառատոնը նաև տվյալ երկրում զբոսաշրջության մեծ հոսք է ապահովում: Քանդակագործը մասնակցել է Չեխիայի, Բելգիայի, Ֆրանսիայի փառատոներին, որտեղ նաև համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծել:

Այս տարի Հոլանդիայում կազմակերպված «Ավազի արձանագործության» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև Վ. Մանասսիանի ցուցահանդեսը: Ի դեպ, փառատոնի թեման եղել է Հոլանդիայի թագավորական ընտանիքի` ավազի արձանագործությամբ վերարտադրությունը:

«Քանդակ» ընկերության հիմնադիրն այս անգամ Հայաստան է եկել մի նախագծով, որը Հայաստանում կարող է մեծ հաջողություն ունենալ: Նա ՀՀ մշակույթի նախարարին և քաղաքային իշխանություններին առաջարկելու է ավազի արձանագործության իր նախագիծն իրականացնել Գառնիի տաճարում կամ քաղաքի որևէ հատվածում: Հետաքրքիր են ոչ միայն ծավալային այդ քանդակները, այլև դրանց ստեղծման պրոցեսը, որն իրականացվում է պերֆորմենսի սկզբունքով: Մարդիկ կարող են ականատես լինել, թե ինչպես է քանդակագործը ձեռքի աշխատանքի շնորհիվ հսկայական ֆիգուրներ կերտում կամ պատմական որևէ ակնարկ վերարտադրում ծավալային աշխատանքով:

Օրինակ` Հոլանդիայում և ավազի արձանագործության փառատոնային այլ երկրներում արվեստագետի ստեղծագործական պրոցեսն ամբողջությամբ ուղիղ հեռարձակվում է քաղաքի փողոցներում տեղադրված հսկայական էկրանների վրա, որոնց միջոցով մարդիկ հետևում են քանդակի ստեղծմանը: Համագործակցության կապը հաստատելուն պես Վազրիկ Մանասսիանը Հայաստանի համապատասխան պաշտոնյաներին կներկայացնի նախագծի էսքիզները կամ ամբողջական մանրակերտը:

«Գառնիում մենք կարող ենք պատրաստել հայկական պատմական քանդակներ: Նախագիծը խելամիտ իրականացնելու, կազմակերպելու դեպքում աշխարհի հայերը կամ օտարերկրացիները կայցելեն Հայաստան: Սա խոշոր մի նախագիծ է, որտեղ միտումը շատ ավելին է, քան արվեստի ցուցադրությունը, որովհետև էքսպոզիցիայից բացի, կարող ենք որոշ խմբերի կամ անհատների հրավիրել՝ դրանք բաժակների, ձեռքի աշխատանքների վրա արտատպելու համար: Ավազագործությունը նաև լուսավորություն է պահանջում, հետևաբար՝ գիշերային ցուցադրության ժամանակ կարող ենք լուսարձակների օգնությամբ արտառոց այդ միջավայրում օպերաներ հնչեցնել կամ իրենց կատարումներով դասական երաժշտության կատարողների` քառյակների հրավիրել:

Կարող են տպագրվել գրքույկներ, տեղեկատվական կատալոգներ, որոնք կտարածվեն աշխարհով մեկ և նաև՝ Հայաստանը որպես մշակութային երկիր կներկայացնեն: Բացի այն, որ այս նախագիծը բազմաթիվ զբոսաշրջիկներ, ինչպես նաև ֆինանսական հոսք կապահովի Հայաստանի համար` նաև երկրի ներսում մեծ իրադարձության կվերածվի: Թեման կարող է լինել հին աստվածներից՝ մինչև քրիստոնեություն: Բնականաբար, Գառնու տաճարը հեթանոսական է, և թեման էլ կլինի մշակութային, պատմական` այդ տեղանքին համահունչ: Որպեսզի երկար չպատմեմ նախագծի մասին, դրա իրականացման իրավունքը ստանալուց հետո այն ավելի մանրամասն կներկայացնեմ արդեն մակետով: Ավազի արձանագործության աշխատանքներ կարող ենք իրականացնել նաև քաղաքային տարածքում: Դա կախված է նրանից, թե այստեղի պետական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկումն ինչպիսին կլինի: Սովորաբար դրսում` ծովափնյա քաղաքում կամ որևէ արվարձանում, արվեստի կենտրոնում նման քանդակներ պատվիրելիս՝ այցելուների մուտքը վճարովի է լինում: Այսինքն` դա նաև քաղաքին կարող է եկամուտ բերել, մասնավորապես՝ տուրիստական սեզոնի ընթացքում»,- պատմեց Վազրիկ Մանասսիանը:


 

Տեսանյութեր

Լրահոս