Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը ձևական աճուրդով վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով։
Նյութերի նախապատրաստման ընթացքում կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Լոռու մարզային վարչությունների և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարման դեպքերում օրենքով սահմանված կարգով պարտադիր գնահատելու հանգամանքը, նույն անշարժ գույքի շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված օրենքով, ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտով և այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողություններ չեն ձեռնարկել։
Դրա փոխարեն, հիմք ընդունելով շինության շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ բնակչի պատվերով ՍՊ ընկերության կողմից կազմված հաշվետվությունը, 76․275․000 դրամ կադաստրային արժեքով շենք-շինությունը ներկայացվել է իբրև քանդման ենթակա և գնահատվել անշարժ գույքի օգտահանության արժեքով՝ կազմելով 2․080․000 դրամ։
Արդյունքում՝ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք հիմք ընդունելով գույքը փաստացի գնելու ցանկություն ունեցող անձի պատվերով կազմված գնահատման հաշվետվությունը, 2018 թվականի ապրիլի 10-ին ձևական աճուրդ անցկացնելով 1281 քմ մակերեսով շենքն ու 1443 քմ մակերեսով հողամասը արժեքից գրեթե 11,5 անգամ պակաս գնով՝ 6․638․000 դրամով վաճառել են նույն անձին, որն էլ կարճ ժամանակ անց նույն գույքը 21․555․000 դրամով վերավաճառել է այլ անձի։
Այսպիսով՝ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 69․636․000 դրամի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։