ՀՔԱ Վանաձորի գրասենյակի արձանագրած նախնական խախտումները

2012թ. սեպտեմբերի 9-ին Վանաձոր քաղաքում ՏԻՄ ընտրություններին առաջադրված էին ավագանու 52 և քաղաքապետի 5 թեկնածուներ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թվով 23 դիտորդներ օրվա ընթացքում կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում:

Ընտրությունների ընթացքում դիտորդներն արձանագրել են մի շարք ընտրախախտումներ, որոնց մասին կազմակերպությունը տարածել է 3 հայտարարություն:

Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրել են, որ բոլոր քվեախցիկները պատրաստված են ստվարաթղթից, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է և քվեաթերթիկներում նշումներ կատարելիս ըստ ընտրողի հնարավոր են ոչ ճիշտ նշումներ:

Ազգային ժողովի  ընտրությունների ժամանակ արձանագրված դրոշմակնիքի թանաքի շուտ չորացման փաստերն ի հայտ եկան նաև ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ.  թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 տեղամասերում դիտորդների կողմից արձանագրվել է, որ անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում, մոտ 1 ժամ անց ցնդում է: Խախտման վերաբերյալ կազմակերպությունը գրություն է ուղարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Թիվ 30/01, 30/08, 30/25, 30/42, 30/44, 30/46, և թիվ 30/47 տեղամասերում հաճախակի նկատվել է քաղաքացիների տեղափոխում միկրոավտոբուսներով, տաքսիներով և մասնավոր մեքենաներով: Միկրոավտոբուսների զգալի մասը հանդիսացել են Վանաձորի 2-րդ և 5-րդ ներհամայնքային երթուղու միկրոավտոբուսներ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդներին հաջողվել է լուսանկարել քաղաքացիներին տեղափոխող գրեթե բոլոր մեքենաները:

Փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողով:

Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանի շտաբից կազմակերպությունն ահազանգ է ստացել, որ թիվ 30/32 տեղամասում կոնֆլիկտ է առաջացել թեկնածուի վստահված անձի և հանձնաժողովի նախագահի միջև: Նույն շտաբից տեղեկացրել են նաև, որ նույն տեղամասում համատիրության նախագահը և մի խումբ երիտասարդներ հորդորում և ուղղորդում են ընտրողներին: Տ. Ապրեսյանի շտաբից նաև տեղեկացրել են, որ Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը ընտրելուց հետո մնացել է տեղամասում և ուղղորդել ընտրողներին: Սույն միջադեպի տեղամասը ճշտել չի հաջողվել:

Փաստի առթիվ գրություն է ուղարկվել կազմակերպության կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Թիվ 30/25 տեղամասից դուրս նկատվել են կուտակումներ, որ երկու հոգի քաղաքացիներին կազմակերպված տեղափոխում են տեղամաս՝ ուղորդելով նրանց ընտրությունը:

Խախտման մասին կազմակերպությունն անմիջապես ահազանգել է  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Քվեարկության արդյունքների վերջնահաշվարկին մասնակցել են կազմակերպության 12 դիտորդ:

Այսպիով, ընտրական իրավունքների խախտման մասին ՀՔԱ Վանաձորի գրսենյակի կողմից ուղարկվել են թվով  5 հաղորդում, որից 1-ը՝ թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովին, 3-ը՝ ՀՀ ԿԸՀ, 1-ը՝ ՀՀ ոստիկանություն:

Դիտորդական առաքելության վերջնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս