ՀՔԾ. Ոստիկաններն անփույթ վերաբերմունք են դրսևորել
Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանության օրը քաղաքացիներից ստացված հաղորդմանը ոչ օպերատիվ արձագանքելու և ոչ պատշաճ հաշվառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Փաստինֆո» գործակալությանը հայտնել են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 04:41-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններ իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: Հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Կոմիտասի պողոտայի 30 շենքի թիվ 6 բնակարանում հայտնաբերվել էր բնակիչ, 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը: Հարևանները հայտարարել էին, որ իրենք ձայներ էին լսել բնակարանից և այդ մասին ահազանգել ոստիկանությանը, սակայն վերջինս պատշաճ ու ժամանակին չէր արձագանքել: Այդ տեղեկությունները ստուգելու համար ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն: