Տիգրան Հակոբյանի հայտարարությունը տարակուսելի է և չի բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շահերից. ՌԴ դեսպանություն

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին, այս մասին ասված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրությունում ի պատասխան ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության, որ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։

«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Զարմանքով նաև տեղեկացանք, որ իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, և այն էլ բավական վաղուց հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Դրա հետ մեկտեղ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում», – ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի:

Տեսանյութեր

Լրահոս