Առայժմ չեն մեկնաբանում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այս պահին չի անդրադառնում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի (չնայած հրաժարականի դիմումին՝ նրա լիազորությունները դեռևս ուժի մեջ են) «Nouvelles d’Arménie» պարբերականին տված հարցազրույցում  հնչեցրած մեղադրանքներին ու գնահատականներին:

«Ռուբեն Հայրապետյանին հարցազրույցին այժմ չեմ ուզում անդրադառնալ, դեռ առիթ կունենամ այդ մասին խոսելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի աղմկահարույց հարցազրույցի առանցքային թեմաներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-«Բարգավաճ Հայաստան» փոխհարաբերությունների վերաբերյալ գնահատականներն էին:

«Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել»,- ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Կարդացեք նաև

Վիկտոր Սողոմոնյանը ձեռնպահ է մնացել նաև մեկնաբանություններից, թե ովքեր են Հրանուշ Խառատյանն ու Գարեգին Չուգասզյանը ( այսինքն՝ «Ռոբերտ Քոչարյանի մարդի՞կ» են) և առաջարկել է այդ հարցն ուղղել այդ «տեղեկատվության սուբյեկտներին»՝ նրանց, ում մասին ասել է Ռուբեն Հայրապետյանը: Այլ խոսքով՝ Հրանուշ Խառատյանին կամ Գարեգին Չուգասզյանին:

«Միևնույն է՝ ես այժմ և առայժմ այդ հարցազրույցը չեմ մեկնաբանելու»,- կրկնել է Վիկտոր Սողոմոնյանը:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վերջերս հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ 2013-ի նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցելու հնարավորությունը գնահատում է 70 տոկոս, քանի որ սա ՀՀ երկրորդ նախագահի հնարավորությունների օգտագործման կուլմինացիան է:

Վիկտոր Սողոմոնյանն ի պատասխան, tert.am-ին ասել է, որ Հմայակ Հովհաննիսյանը քաղաքագետ է և ունի վերլուծություններ անելու, իր կարծիքները ներկայացնելու իրավունք:

«Եվ չեմ կարծում, որ ես պետք է իր հետ համաձայնվեմ կամ չհամաձայնվեմ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը:

Հարցին էլ, թե երբ հայտնի կդառնա՝ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է նախագահական ընտրություններին, թե ոչ, ինչո՞ւ է մասնակցելու կամ ինչո՞ւ չի մասնակցելու, նրա մամուլի քարտուղարը պատասխանել է. «Դուք, թերևս, նկատել եք, որ ժամանակ առ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներով հանդես է գալիս. եթե հարկ լինի իր ապագայի հետ կապված իմանալ, մենք հանդես կգանք»:

Վիկտոր Սողոմոնյանի՝ մեկնաբանություններով հանդես չգալը վերաբերում է նաև ՀՖՖ նախագահի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի ճնշմամբ է վաճառել «Գրանդ Տոբակոյի» իր բաժնեմասը:

Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստանը» վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ որպես վարչապետի փոփոխությանը մեղմ ասած՝ կողմ է:

Ի պատասխան հարցի, թե ի՞նչ է այս մասին մտածում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ այդ հարցին չի կարելի պատասխանել առանց դիտարկելու նախագահական ընտրությունները, ինչը նրա խոսքով՝ «նույնիսկ Սահմանադրությունն է հուշում», ասել է թե՝ մինչև նախագահական ընտրություններ այդ մասին խոսելն իմաստ չունի:

Տեսանյութեր

Լրահոս