«Շաքարի կհասցնի՝ շաքար կստանանք»
«Ռուբեն Հայրապետյանը շատ-շատերին է ահաբեկում, ու իրեն, երևի, ծանոթ է ահաբեկման տեխնոլոգիան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե «Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը (Սանասարյան.- Տ.Մ.) իր ընտանիքի՞ն են ահաբեկել: Իր ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իր տան վրա, իր ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում… Ա՛յ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ»:
«Մեր ակցիան իրեն ահաբեկելու նպատակ չուներ: Դա Վահե Ավետյանի քառասուն օրերի հետ կապված երթ էր, որն ավարտվեց Ավանի մի հրապարակում. կանգնեցինք Ռուբեն Հայրապետյանի տան դիմաց, որը հրապարակի ճանապարհին էր, որ առաջարկենք նրան՝ խղճի թևթևացման համար համագործակցի քննչական մարմինների հետ ու օգնի նրանց բացահայտել իրականությունը: Եթե սա ահաբեկում է…»,- ասաց Հ. Խառատյանը:
Անդրադառնալով Ռ. Հայրապետյանի այն հայտարարությանը, թե` «հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից», Հրանուշ Խառատյանն ասաց. «Դե, մարդը սպառնում է իրեն ծանոթ ոճով: Իրեն այդ ոճն է ծանոթ, այդ ոճով է խոսում: Ի՞նչ ասեմ»: Նա հավելեց, որ Ռուբեն Հայրապետյանի հանդեպ վախը միշտ կա:
«Ամբողջ հանրապետության բնակչությունն է հիմնականում վախեցած: Վախեցած է իրեն բնորոշ ոճից ու սպառնալիքների իրականացումից: Շաքարի կհասցնի՝ շաքար կստանանք, չգիտեմ, իր սովորական ոճի մեջ է: Ես երկրից ու առհասարակ ոչ մեկից սրանից հետո պաշտպանություն խնդրել չեմ ուզում: Ես կարծում եմ, որ երկրի պատկան մարմինները, հույս ունեմ, ևս կարդացել են, եթե կարդալուց հետո կանեն հետևություն, եթե չեն անի, հիմա ի՞նչ ասեմ: Մենք գումարներ չունենք՝ փողով կազմակերպելու մեր պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է, թե դիմել ենք ոստիկաններին, պետք է իրենից հարցնենք, թե ինչպե՞ս ենք մենք ոստիկաններին դիմել: Ակցիայի մասին հայտարարություն ենք տվել, ու նրանք, ըստ օրենքի, եկել են, որ հասարակական կարգը չխախտենք: Ոստիկանները մեզ երկար ժամանակ ասում էին, որ ուրիշ ճանապարհով գնանք, Ռ. Հայրապետյանի տան կողքով չգնանք, բայց մենք ասացինք, որ մեր ասելիքը հանրային է, ու անհրաժեշտ է գնալ նրա տան մոտ:
Այո, ոստիկաններն առաջարկեցին, որ, եթե ուզում եմ՝ ինձ հանդիպեցնեն Հայրապետյանի հետ, ու նրան անձամբ ասեմ իմ ասելիքը, բայց ես ասացի, որ իմ ասելիքը հանրային, ոչ թե մասնավոր բնույթի է: Չնայած, դեմ չեմ նաև մասնավոր քննարկելուն, բայց, տվյալ դեպքում, դա հանրային բնույթ էր կրում: Ինչպե՞ս մենք կարող ենք ոստիկանների հետ սիլի-բիլի անել, դուք դա պատկերացնո՞ւմ եք: Եթե Հայրապետյանը սովոր է իր խնդիրն այդ կերպ լուծե՞լ, ես չգիտեմ: Հավաստիացնում եմ, որ ակցիայի կազմակերպիչների շարքում ոչ մեկը չկա, որ ոստիկանների հետ կարողանա նույնիսկ առանձին մասնավոր խնդիր լուծել»,- նշեց նա:
Հ. Խառատյանը նաև հավելեց, որ Ռ. Հայրապետյանի տունը ցանկապատված է, ու անմիջական տան մոտ իրենք չեն եղել: Նա ընդունեց, որ գուցե այդ ժամանակ տանը գտնվող երեխաները, ցավոք, վախեցել են: Բայց վտանգավոր գրոհ, Խառատյանի վստահեցմամբ, չի իրականացվել:
«Մենք Ռ. Հայրապետյանին, նրա ընտանիքին վախեցնելու միտք, նպատակ չենք ունեցել: Մենք հակամարդկային ենք համարում վախն առհասարակ: Մենք ուզեցել ենք, որ ինքը ծանր ապրումներ ունենալով՝ շաքարի չհասնի, այլ օգնի բացահայտել իրականությունը, օբյեկտիվ կատարել արդարադատությունը՝ մասամբ, հանգստացնելով խիղճը: Բայց հարցազրույցից ես հասկացա, որ նրա խիղճը դադարել է անհանգստացնել իրեն»,- ասաց Խառատյանը: