«Մեր իշխանությունը, կարծես, մնացել է հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ խցանված». Գևորգ Գորգիսյան

Հունվարի 25-ին Կապանում վարչապետի հրավիրած ասուլիսի ժամանակ, երբ հարց հնչեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գործունեության վերաբերյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ, եթե վերջինս այդպես շարունակի, ապա կհայտնվի Արմեն Աշոտյանի դերում:

Լրագրողի ճշտող հարցին, թե ո՞ր դերում, վարչապետը պատասխանել էր. «Ստեղծագործական»:

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցի ժամանակ խմբակցության քարտուղարն անդրադառնալով այդ հայտարարությանը՝ նկատեց, թե իշխանության առաջին դեմքի «բառապաշարի մեջ խնդիր է տեսնում»։

«Եթե  լեգիտիմ ուժ են, դա դեռ չի նշանակում, որ պետք է դառնան ամբարտավան ու իրենց թույլ տան ամենաթողություն։ Մեր իշխանությունը, կարծես, մնացել է հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսի մեջ խցանված և ոչ մի կերպ չի կարողանում վեր կանգնել դրանից ու գնալ կառուցելու ճանապարհով։ Նորից փորձել քաղաքական երկխոսությունը տանել հեղափոխության-հակահեղափոխության դաշտ՝ նշանակում է, որ մեր բարձրացրած փաստարկներին չկան հակափաստարկներ։ Իշխանությունը փորձում է իր միակ հին ձևով լռեցնել ընդդիմությանը՝ չունենալով հակափաստարկ»,- ասաց Գևորգ  Գորգիսյանը։

Գևորգ Գորգիսյանն ընդգծեց, որ նման ոճով գործում էր նաև Հանրապետական կուսակցությունը:

«Ցավոք, մենք գնալով ականատես եք լինում, որ դևին հաղթողը սկսում է նմանվել դևին։ Հույս ունեմ՝ մեր գործընկերները դուրս կգան այս ուղղությունից՝ քաղաքական դաշտի՝ հին Հայաստանին հարող բառապաշարից»,- եզրափակեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս