Վաղը Հայաստանի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Վաղը՝ սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության 5 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, իսկ մինչ այդ՝ ինչպես արձանագրում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, ընտրություններից մեկ օր առաջ հայտարարվել է «լռության օր»:

 

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից՝ համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արարատի և Արմավիրի՝ 97, Լոռու մարզի` 113, Շիրակի` 119, Սյունիքի 109 համայնքներում: Արտահերթ ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արարատի մարզի Սիփանիկ համայնքում: Արարատի մարզում գրանցված են 129 թեկնածուներ, Արմավիրում` 103, Լոռիում` 166, Շիրակում` 174, Սյունիքում` 144:

 

Տեղեկացնենք, որ ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուներից 289-ն անկուսակցական են, 342-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ: ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի 48 թեկնածու ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 20-ը` «Հայ հեղափախական դաշնակցություն»-ը, իսկ 12-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Համայնքի ղեկավարի մեկական թեկնածուներ ունեն` «Ժառանգություն», Ռամկավար ազատական, Միացյալ ազատական ազգային, «Ազգային ժողովրդավարական միություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները:
Քաղաքապետի պաշտոնի համար տարբեր քաղաքներում գործող քաղաքապետերի առաջադրումները քիչ չեն, սակայն, հատկապես, մեծ քաղաքներում գրանցվեցին նոր թեկնածուներ:

 

Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ, գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և Արմինե Հովհաննիսյանը:

 

ՏԻՄ ընտրությունների նախընտրական պայքարն հարուստ էր անկանխատեսելի միջադեպերով:
Կապանում ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը ստիպեց գործող քաղաքապետ ՀՅԴ անդամ Արթուր Աթայանին ինքնաբացարկի դիմում ներկայացնել: Առանձնակի ուշադրության կենտրոնում են Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չառաջադրեց իր թեկնածությունը, փոխարենը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտ ներկայացրեց պայքարելու Գյուրիի քաղաքապետի պաշտոնի համար, առաջադրելով Սամվել Բալասայանի թեկնածությունը: Տեղեկացնենք, որ Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարը կընթանա ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի և ՀՅԴ անդամ Հովսեփ Սիմոնյանի միջև:

 

Արարատի մարզի Մասիս քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն Մասիսի փոխքաղաքապետ, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանն ու նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը:

 

Վանաձորի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են քաղաքապետի 5 թեկնածուներ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռիի նախկին փոխմարզպետ, ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ՄԻԱԿ-ի Վանաձորի կառույցի ղեկավար Տարոն Ապրեսյանը, անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը և Տիգրան Գրիգորյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս