Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան
Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Տուժածներ չկան, ոչ ոքի բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չի եղել, սակայն առաջին իսկ րոպեներից մեր բժիշկները տեղում են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:
Դեպքի վայրում աշխատող բժիշկները «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին, որ նույնիսկ տեղում օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել:
Շենքում գտնվողները տարհանվել են, տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: