Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում. «Ինքնակամ դիմում գրեք». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետերի դեմ հեղափոխականների արշավը չի դադարում։ Մենք գրել էինք, որ Ամանորի շեմին Պետական վերահսկողության ծառայությունը ստուգել է մեծ ու փոքր քաղաքներ՝ «խախտումներ եւ չարաշահումներ» հայտնաբերել եւ նյութերն ուղարկել դատախազություն։ Եղեգնաձոր, Վայք, Ալավերդի, Ստեփանավան, Ապարան եւ այլ համայնքների ղեկավարների վերաբերյալ նյութեր են փոխանցել նաեւ մարզպետները։
Նպատակը՝ ստիպել հին քաղաքապետերին ինքնակամ դիմում գրել, հեռանալ։ Երեկ տեղեկացանք, որ Ապարանի համայնքապետարանի ստուգումների արդյունքում արդեն քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի դատախազությունում։ «Նախաքննությունն իրականացնում է քննչականի ՀԿԳ բաժինը, հարուցվել է ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314 հոդվածով եւ 179-ի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ մասերով, ներգրավված անձ չկա»,- հայտնեցին դատախազությունից, իսկ Վայքի եւ Եղեգնաձորի համայնքապետարանների նյութերը դեռ ուսումնասիրվում են։
Դեկտեմբերի 26-ին էլ ոստիկանությունը հաղորդել էր Ստեփանավանում «խոշոր չափերի յուրացումների փաստերով հարուցված քրեական գործի մասին»․ «Բավարիայի երկրամասի Կարմիր խաչ» կազմակերպությունը 2013-2019 թթ․ «Ստեփանավան» բարեգործական հիմնադրամին հատկացրել է ավելի քան 316 հազար եվրո եւ 32 միլիոն դրամ արժեք ունեցող կենցաղային ու տնտեսական իրեր՝ որպես մարդասիրական օգնություն անապահով ընտանիքների համար»։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Ստեփանավանի 7 տարվա ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանն է, որը, ըստ քրգործի, «հափշտակություն կատարելու դիտավորությամբ, համայնքի անապահով ընտանիքներին օգնության անվան տակ, անհասցե ապրանքագրեր ու կեղծ հանձնման-ընդունման արձանագրություններ է կազմել եւ յուրացրել 89 միլիոն դրամից ավելի տարբեր իրեր»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: