«Որպես Առողջապահության նախարար՝ ես այդ մարդկանց համար եմ նման որոշում կայացրել». Արսեն Թորոսյանը՝ Մարալիկի ծննդատան փակման մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակմանը, որի պատճառով երեկ տեղի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը, նշեց, որ 2018 թվականի կեսերից որոշել են վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների վիճակը, քանի որ ժամանակին տրվում էին նախարարի հրամաններ՝ կարգերի շնորհման համար, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել։
«Օրինակ, Երևանում կար ծննդատուն, որն ընդունում էր տարեկան 200 ծնունդ և ուներ 3-րդ կարգ, իսկ այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, ուստի 3-րդ կարգի ծննդատունն ավելի շատ գումար էր ստանում, քան 1-ին կարգինը։ Այդ պատճառով էլ կազմվեց մի մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին ծննդատան շենքային պայմանները, սարքավորումներով հագեցվածությունը, բաժանմունքների առկայությունը, բժշկական կադրերով հագեցվածությունը և ծնունդների քանակը։ Որոշվել է, որ ծնունդների ամենացածր շեմը դրվելու է 150-ի սահմաններում, մենք միայն մեկ բացառություն էինք արել, որ աշխարհագրական անհասանելիության պայմաններում կարող ենք թույլ տալ, որ ծննդատունը գործի 100-ից ցածր ծնունդների դեպքում։ Այդ կետերն էին Ճամբարակը, Բերդ քաղաքը և Մեղրին»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ Մարալիկի դեպքում ամենամոտն Արթիկի բժշկական կենտրոնն է, որը 15 կիլոմետր է հեռու Մարալիկից, իսկ, օրինակ՝ Ծաղկահովիտ գյուղի դեպքում էլ ամենամոտն Ապարանի ԲԿ-ն է։
Ինչ վերաբերում է երեկ Շիրակի մարզպետարանի և Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հանդիպմանն ու քննարկմանը, Արսեն Թորոսյանն ասաց, որ եթե ցանկանում են, որ որակյալ բժշկական ծառայություններ մատուցեն հենց այն մարդկանց, որոնք փակել էին ճանապարհը, ապա պատրաստ են նրանց բացատրել, որ ամեն ինչ հենց նրանց շահից է բխում, այլ ոչ թե՝ իր։
«Որպես Առողջապահության նախարար՝ ես այդ մարդկանց համար եմ նման որոշում կայացրել, և սա իմ անձնական որոշումը չէ, սա մի մեծ պրոցեսի արդյունքն է՝ հիմքերով՝ բժշկի, կադրերի, ծնունդների թվի իջեցում, և այլն»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում