 
                        Քաղաքաշինական ծրագրերը կկատարվեն մասնավոր ներդրումների հաշվին
Այսօր Կառավարության նիստի ընթացքում փոփոխություն է կատարվել նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Երևանի Եկմալյան փողոցին հարող տարածքին. վերջինս ճանաչվել էր գերակա հանրային շահ։ Նոր որոշմամբ նախկին կառուցապատողի չկատարած պարտավորությունները ստանձնում է նոր ձեռքբերողը, ավարտին է հասցվում նշված հատվածի և Գլխավոր պողոտայի ճարտարապետական միասնական համալիր կազմող շինարարական ծրագիրը` կառուցապատողի հաշվին լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց խնդիրները։
Մեկ այլ որոշմամբ՝ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ բացված արտաբյուջետային հաշվից, որտեղ կուտակվում են կառուցապատողներից հավաքվող վերգետնյա վճարների մուտքերը, նախատեսվում է գումար հատկացնել «Երևան» հիմնադրամին` իրացման ծրագրերից տուժած առանձին իրավատերերին սոցիալական օգնություն տրամադրելու համար։
Կառավարությունն իր նիստում անհատական բնակելի շենքերի ընտրանքային հետազոտության իրականացման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ։ Որոշումը հնարավորություն կտա տեղեկություն հավաքել Երևան քաղաքի ավելի քան 800 շինարարության թույլտվություն ստացած ու կառուցման ընթացքում գտնվող անհատական բնակելի շենքերի պատրաստվածության աստիճանի վերաբերյալ և տալ համապատասխան արժեքային գնահատականներ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        