«Վարդան Ղուկասյանը հոգնել է, պետք է գնա հանգստանա»
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 9-ին Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ-ն իր աջակցությունը չցուցաբարեց Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և որոշեց սատարել ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին, ասաց «Եթե այդպես են վարվում, ուրեմն` առաջին մեղավորն ու պատասխանատուն այն մարդն է, որի հետ այդպես են վարվում: Նրա հետ ոչ մեկը ոչ մի ձևով չի վարվել, այսինքն` վարվել ի՞նչ է նշանակում: Վարդան Ղուկասյանը 13 տարի է` քաղաքապետ է, կարծում եմ` հոգնել է, և պետք է գնա հանգստանա: Ինքն է էդ որոշումը կայացրել»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք նախընտրական շրջանում Գյումրիում տեղի ունեցած քրեական միջադեպերը, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Բոլոր տեղերում էլ ինչ-որ միջադեպեր լինում են: Առանձնապես արտառոց դեպք չի: Եղել է խուլիգանություն, որի համար հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակներում մարդիկ պատասխանատվության կենթարկեն: Ի՞նչ է եղել»: