Ո՞ր ճաշատեսակի հետ` ի՞նչ ըմպելիք մատուցել
Յուրաքանչյուր ճաշատեսակի մատուցման ժամանակ ամենակարեւոր նախապայմանը խմիչքի ընտրությունն է: Ճաշատեսակի եւ խմիչքի համատեղումից են ծնվում ճիշտ ու տեղին համերը:
Սովորական գինին ինչ-որ ճաշատեսակի հետ կարող է կազմել անթերի համային ներդաշնակություն:
Ճաշի կամ ընթրիքի ժամանակ, հատկապես կծու նախուտեստների հետ, մատուցում են ախորժակը գրգռող խմիչքներ: Գինիներն առհասարակ մյուս խմիչքներից առանձնանում են իրենց համային բազմազանությամբ: Ախորժակը գրգռող եւ կենսունակությունը բարձրացնող են համարվում այն գինիները, որոնք զուրկ են օղու պրիմիտիվ համից ու առանձնանում են յուրահատուկ բուրմունքով:
Ձկից պատրաստված կերակրատեսակների հետ խորհուրդ է տրվում օգտագործել՝ սպիտակ, իսկ բանջարեղեններից ու տնային թռչուններից պատրաստված կերակրատեսակների հետ` կիսաքաղցր գինիներ:
Ճաշի ժամանակ, սովորաբար, առաջին ճաշատեսակի հետ մատուցվում են խաղողի թունդ գինիներ:
Կծու աղցանների, մսային նախուտեստների` հորթի մսի, եփած լեզվի, խոզապուխտի հետ ցանկալի է մատուցել թունդ, բայց ոչ աղանդերային գինի:
Այլ ծովամթերքների հետ կարելի է մատուցել թեթեւ սպիտակ գինիներ` փափուկ համով ու բուրմունքով:
Երկրորդ մսային կերակրատեսակների` բիֆշտեքսի, լանգետի, էսկալոպի, տարբեր կոտլետների, հորթի, ոչխարի ու խոզի մսի, լյարդից ու երիկամներից պատրաստված կերակրատեսակների հետ խորհուրդ է տրվում օգտագործել չոր կարմիր գինիներ:
Խորովածի, փլավի, թռչուններից պատրաստված կովկասյան ու ասիական ճաշատեսակների հետ կարելի է առաջարկել կարմիր կախեթագինի:
Կոնյակ կարելի է առաջարկել սառը ձկան նախուտեստների, սեւ խավիարի եւ այլնի հետ:
Ինչպես գիտեք, գարեջուրը մատուցում են խեցգետնի ու կրաբի հետ: Գարեջրի հետ մատուցվում են նաեւ աղի պաքսիմատ, չորացված ու ծխահարված փոքրիկ ձկներ:
Քաղցր կերակրատեսակների` խնձորով թխվածքի, թեթեւ թխվածքների, մուրաբայով կարկանդակների, դոնդողի հետ առաջարկում են ճաշակել կարմիր աղանդերային գինիներ:
Շամպայնն իր քաղցր համով եւ բույրով պատկանում է այն գինիների տեսակին, որոնք կարող են համադրվել տարբեր կերակրատեսակների հետ, բացի, իհարկե, կծու կերակրատեսակներից: Այս խմիչքը կարելի է առաջարկել տոնական ընթրիքի կամ ճաշի ժամանակ` մյուս բոլոր գինիների փոխարեն:
Մրգի եւ պաղպաղակի հետ խորհուրդ են տրվում շամպայնի քաղցր տեսակները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը