«Այստեղ կգա քաղաքապետը, հավաքեք ձեր գործիքները և գնացեք, դուք այստեղ խուլիգանությամբ եք զբաղված». Լարված իրավիճակ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքում

Վաղ առավոտից լարված իրավիճակ է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տարածքում, որտեղ ցանկանում են ցանկապատ կառուցել թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի միջև։

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտնեց, որ թույլ չի տալու ցանկապատի կառուցման աշխատանքներ իրականացնեն, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ապա պատրաստ են նույնիսկ կենդանի պատ կազմել։

Աշոտ Բլեյանը տարածքում գտնվող ոստիկաններին խորհուրդ տվեց լքել կրթահամալիրի տարածքը, չխանգարել իրենց, քանի որ իրենք իրացնում են խաղաղ ցույց անելու  իրենց իրավունքը և խաղաղ նստացույց անելով՝ իրենց դժգոհություն են հայտնում Երևանի քաղաքապետարանի գործողությունների դեմ, որտեղից էլ տրվել է ցանկապատ կառուցելու թույլտվություն։

«Ոստիկանությունը նախօրոք կազմակերպված եկել է, վարչական համայնքի ղեկավարն իմանալով խնդրի մասին, թողել, գնացել է հարսանիք, քաղաքապետը չի արձագանքում, թող ավագանին գոնե որոշի։ Մենք դիմել ենք Երևանի քաղաքապետին, այստեղ կգա քաղաքապետը, հավաքեք ձեր գործիքները և գնացեք, դուք այստեղ խուլիգանությամբ եք զբաղված»,- դիմելով տեղում աշխատող շինարարներին՝ ասաց  Աշոտ Բլեյանը՝ նշելով, որ շարունակելու են խաղաղ նստացույց անել այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի քաղաքապետարանը խնդրին չի արձագանքել։

168.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը տեղեկացված է խնդրի մասին, սակայն որևէ բան անել չի կարող, քանի որ ցանկապատի կառուցման անհրաժեշտությունը սահմանված է այլ գերատեսչությունների նորմատիվ ակտերով։

«Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը բողոքում է, որ ցանկապատ են ցանկանում կառուցել, բայց այդ ցանկապատի  անհրաժեշտությունը սահմանված է այլ գերատեսչությոնների՝ ԱԻՆ, Առողջապահության նախարարություն, իրավական նորմատիվ ակտերով։ Քաղաքապետարանը որևէ որոշում կայացնելիս առաջնորդվել է հենց այդ իրավական ակտերով։ Ստացվում է՝ մի կողմից կրթահամալիրն ունի իր պատկերացումները, մյուս կողմից՝ թիվ 93 մանկապարտեզի երեխաներն ու ծնողներն ունեն իրենց պատկերացումները, ըստ որոնց էլ՝ անհրաժեշտ է ցանկապատի կաուցոումը։ Հիմա եթե կարծում են, որ ավագանին կարող է վերանայել այլ գերատեսչական մարմնի կողմից տրված իրավական ակտերը, ապա պարոն Բլեյանը կարող է փորձել այդպես անել»,- ասաց Կարապետյանը։

Հավելենք, որ Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի աշխատակիցները շարունակում են նստացույցը։

 

Տեսանյութեր

Լրահոս