«Կողմ եմ, թե ոչ, քննարկման հարց չէ»
«Ներկայացվել է թե՛ մեր, թե՛ «Ժառանգության» կողմից ներկայացված ընդհանուր մոտեցում, որը ներկայացվել է համագումարի բանաձևում: Երբ կգա հարցի քննարկման ժամանակը, կխոսենք»,- պատասխանելով 168.am-ի հարցին` արդյո՞ք «Ազատ դեմոկրատները» կողմ են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Հարցին` այսպիսով, կո՞ղմ եք «Ժառանգության» ներկայացրած՝ «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրենսդրական այս նախաձեռնությանը, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Այդ հարցը, մի քանի տարի է՝ կա, նախկին գումարման ԱԺ-ում էլ է եղել, հիմա Զարուհի Փոստանջյանը նորից դրել է շրջանառության մեջ: Կողմ եմ, թե ոչ, քննարկման հարց չէ: Երբ դրան անդրադարձ լինի, կխոսենք: Կա ընթացակարգ, ու մեր տեսակետների մասին հրապարակային կտեղեկացնենք»:
Նշենք, որ ըստ նախաձեռնության, օրենքի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները»: