Սամվել Բաբայանը գնում է մանիպուլյացիաների ճանապարհով

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության վարչական դատարանը հերթական անգամ հետաձգել է որոշումը՝ հրաժարվելով ընդունել Արցախի քաղաքացիությունից իրեն զրկելու որոշման անօրինականությունը, ըստ այդմ՝ նաև իր իրավունքների վերականգնումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Արցախի վարչական դատարանում նշանակված էր Սամվել Բաբայանն ընդդեմ ԱՀ Ոստիկանության վիզաների վարչության վարչական գործով նախնական դատական նիստը, ինչը չի կայացել:

Չնայած այն հանգամանքին, որ Սամվել Բաբայանն իր հայտարարությամբ դատական նիստի չկայացումը ներկայացնում էր՝ որպես իշխանությունների կամք, ավելի ուշ հայտարարությամբ հանդես է եկել Արցախի դատական դեպարտամենտը, տեղեկացնելով, որ հայտարարությունը «չի համապատասխանում իրականությանը և չի արտացոլում տվյալ գործի դատավարական ընթացակարգի իրական պատկերը»:

Միաժամանակ դատական դեպարտամենտից փոխանցել են, որ նշված գործի շրջանակներում տեղի է ունեցել 8 նախնական դատական նիստ, որից 7-ը հետաձգվել է բացառապես կողմերի միջնորդություններով, ընդ որում, 6-ը՝ Սամվել Բաբայանի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ինչի մասին վկայում են գործում առկա նյութերն ու դատական նիստերի արձանագրությունները:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսօրվա նախնական դատական նիստում Վարչական դատարանը չէր կարող գործի ելքը պայմանավորող որոշում կայացնել, քանի որ նշված գործով դեռևս դատաքննություն չի իրականացվել»,- նշվում է դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

Սամվել Բաբայանը 2018 թվականի ապրիլի հայտնի դեպքերից հետո անընդհատ իր ծառայություններն էր առաջարկում Հայաստանի իշխանություններին, նույնիսկ հայտարարում, որ Արցախում քաղաքական ակտիվություն կդրսևորի միայն այն դեպքում, եթե իրեն հորդորեն Հայաստանի իշխանությունները: Նա համարում էր, որ Հայաստանում ստեղծված իրավիճակն իր համար ակտիվանալու նոր հնարավորություններ է ստեղծել:

Այն, որ Բաբայանին Հայաստանի իշխանությունները մի փուլում օգտագործեցին Արցախի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար,  փաստ է, դրա շրջանակներում վերջինիս նույնիսկ իր վաղեմի ախոյաններից մեկի՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներ կազմակերպեցին (մամուլում նույնիսկ լուսանկարներ հրապարակվեցին), սակայն դա չէ այս պահին կարևորը:

Մի շարք քաղաքական գործընթացներով պայմանավորված՝ հետագայում Հայաստանի իշխանությունները՝ ինչպես իրավական, այնպես էլ՝ քաղաքական առումով մերժեցին Սամվել Բաբայանին՝ թեմայի շահառուներին հրապարակային, ուղիղ խոսքով հասկացնելով, որ դեմ են Սամվել Բաբայանի ցանկացած ձևով ակտիվանալուն. Արցախի իշխանությունների հետ հարաբերությունները բարելավելուց հետո Բաբայանն արդեն ավելորդություն էր, և նրան խաղից հանեցին:

Ի դեպ, Սամվել Բաբայանին Հայաստանի իշխանությունների տրամադրությունների ներքո, հետագայում Արցախում մերժեց նաև Արայիկ Հարությունյանը՝ Բաբայանի հետ հանդիպումների շարքն ավարտելով և խորհրդարանում վերջինիս համախոհների նախաձեռնությանը դեմ քվեարկելուց հետո:

Բաբայանի ակտիվությունը, բնականաբար, վատ էր ընկալվում, առաջին հերթին՝ Արցախի իշխանությունների կողմից, ովքեր Բաբայանին համարելով ապակայունացնող տարր, մի քանի անգամ կոշտ զգուշացումներ արեցին՝ գեներալին և նրա «տանիքին» հասկացնելով, որ անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2018-ին, Բաբայանի հարցում անզիջում են՝ ցանկացած գործողություն, որը իրավիճակը կարող է հրել ցնցումների փուլ, անթույլատրելի է, և դրա դեմը ցանկացած գնով կփակեն:

Ինչևէ, ժամանակներն անցան, մերժեցին Սամվել Բաբայանին, սակայն տևական ժամանակ պասիվություն պահպանելով՝ Բաբայանը կրկին փորձում է հիշեցնել իր մասին:

Ի՞նչն է, ի վերջո, այս ակտիվացման պատճառը: Այս անգամ առիթը 3 ամիս հետո սպասվող ընտրություններն են: Բաբայանը տարեվերջին նոր կուսակցություն հիմնեց, որի նախագահն է, սակայն մեծամտությունը թույլ չտվեց համագումարին  մասնակցել: Կուսակցությունում հավաքված մարդիկ հիմնականում նրա մեծ բարեկամությունն է և 90-ականների նրա իշխանությունից օգտված-հարստացածները, իսկ քաղաքական դեմքեր էլ գրեթե չկան:

Բաբայանը համարում է, որ իր դերակատարությունն առաջիկա տարիներին հնարավոր է պահպանել առաջիկա խորհրդարանական ընտրություններում մանդատներ ստանալու հաշվին, և այս փուլում իր վերջին ուժերն է լարում մի կողմից՝ «զոհի» կերպ ստանալու, մյուս կողմից՝ իր ընտրազանգվածը պահելու համար:

Ինչո՞ւ ընտրազանգվածը պահելու, որովհետև դեռ տարեսկզբին շատերին արդեն պաշտոններ էր խոստացել, մյուսներին՝ արտոնություններ, մի մասին էլ՝ հույս ու հավատ, սակայն դրանք էլ շատ արագ արդեն մարել են, հատկապես՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից հետո, ում Բաբայանի շուրջ հավաքվածները մեղադրում են իրենց վատ կյանքի համար:

Սամվել Բաբայանը վերջին ճիգերն է անում ապացուցելու, որ քաղաքական գոյությունը պահպանում է: Թե ինչ վերջաբան կունենա սա, ավելի շատ կախված է նրա քայլերի տրամաբանությունից: Եթե գնա իրավական ճանապարհով, ապա հնարավորություն կունենա որոշակի մանդատներ ստանալ ապագա խորհրդարանից, իսկ եթե գնա ապակայունացման ճանապարհով, ապա նրա քաղաքական էջը ժամանակից շուտ կփակվի:

ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս