Հակառակորդի չդադարող ագրեսիվ պահվածքը չի կարող և չի մնա անպատասխան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն և անմիջապես ազատ արձակելուն:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն` Բակո Սահակյանը իր խոսքում նշել է, որ այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաև Արցախում: Ըստ երկրի ղեկավարի` տեղի ունեցածն արտացոլում է Ադրբեջանում տիրող նողկալի բարոյահոգեբանական և քաղաքական մթնոլորտը, որը հանդիսանում է ֆաշիստական գաղափարախոսության և ցեղասպանության շարունակություն: Դա ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է և պետք է անպայման դատապարտվի քաղաքակիրթ մարդկության կողմից:

Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան:

Այս համատեքստում երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին և մյուս շահագրգիռ մարմիններին:
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև 2012թ. ութ ամսվա տնտեսական ցուցանիշները:
Նիստին հրավիրված էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս