Արտաշես Գեղամյանը երեք նախագահներին համախմբվելու կոչ է անում

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և նրան ներում շնորհելու կապակցությամբ հորդոր-խնդրանքով դիմել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջիններս ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ, անկախ միմյանց նկատմամբ վերաբերմունքից, հանդես գան հայտարարությամբ:

Այս մասին Tert.am-ին հայտնել է Արտաշես Գեղամյանը:

«Որովհետև թե՛ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի ազատագրման գործում ուրանալ չի կարելի: Եվ այս առումով, ժամն է համախմբվելու, մեր վճռական խոսքն ասելու: Օտար ուժերը չպետք է օգտվեն առիթից և գոյություն ունեցող անհամաձայնությունների մեջ սողոսկելով՝ փորձեն ազգը ներսից պառակտել»,- հայտարարել է Արտաշես Գեղամյանը:

Նա նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը գնահատում է իբրև կոնսոլիդացնող և ազդեցիկ. «Օտարը պետք է հասկանա, որ կան հարցեր, որոնց դեպքում հայն իր շահերը մի կողմ է դնում և համախմբվում պետական շահի շուրջ: Երբ հայ մարդու ողջ գենետիկ կոդը միավորվում է, մեր ազգը դառնում է անպարտելի»,- ասել է ԱՄ նախագահը:

Ի դեպ, Արտաշես Գեղամյանն ասել է, որ քաջատեղյակ է ՀԱԿ-ի ընդդիմադիր դաշինքի երեկ տարածած հայտարարությանը, որով մեղադրել էին Հայաստանի իշխանություններին՝ ոչ համարժեք գործելու մեջ։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս