Բաժիններ՝

Արդյունաբերության նախարարությունը վերածնվել է

168.am-ի թղթակիցը զանգահարել է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին, որպեսզի մեկնաբանություն խնդրի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների վերաբերյալ։ Պրն Մինասյանը, նշելով, որ չի ծանոթացել փաստաթղթին՝ խորհուրդ է տվել զանգահարել Արդյունաբերության նախարարություն։

Իհարկե, պրն Մինասյանը պարզապես պահի տակ վրիպել է՝ Արդյունաբերության նախարարություն, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի չկա։ Այս մանրուքի վրա մենք էլ ուշադրություն չէինք դարձնի եթե ինքը՝ Գ. Մինասյանը, չափից դուրս լուրջ վերաբերմունք չունենար լրագրողների «կիքսերի» նկատմամբ և պարբերաբար նրանց չուղղեր։ Անգամ այն դեպքում, երբ լրագրողը ճիշտ է։

Օրինակ, հենց նույն երեկվա կարճատև հեռախոսազրույցի ընթացքում, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել հունվար-հունիս ժամանակահատվածի ցուցանիշները (մասնավորապես՝ ներդրումների վերաբերյալ) պրն Մինասյանը դեռ հարցն ամբողջությամբ չլսած՝ միանգամից «ուղղել է»՝ «սխալ եք ասում, հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշներն են»: Ճիշտ է, հարցն ամբողջությամբ լսելուց հետո նշել է, որ շփոթել է ուրիշ փաստաթղթի հետ և կարծել է, թե խոսքը գնաճի մասին է։ Սակայն, ինչպես ասում են, նստվածքը մնում է։

Եվ վերջապես, վրիպակներից անցնենք բուն թեմային։ Հիշեցնենք, որ ըստ երեկ հրապարակված տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալները նվազել են 39.4%-ով, այդ թվում, ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 59.7%-ով: Հենց այս նվազման վերաբերյալ է մեր լրագրողը ցանկացել մեկնաբանություն խնդրել։ Սակայն պարզվել է, որ պատգամավորը փաստաթղթին ծանոթ չէ։

Կարդացեք նաև

Մեկ օր առաջ հրապարակված վիճակագրական փաստաթղթին ծանոթ չլինելն ինքնին զարմանալի  չէ։ Զարմանալին այն է, որ Գ. Մինասյանն ու իշխանական թևի շատ ուրիշ ներկայացուցիչներ «պուպուշ» ցուցանիշներին շատ արագ են ծանոթանում։ Իսկ «դեռ չեմ հասցրել ծանոթանալ»  պատասխանը դարձել է տհաճ հարցերից խուսափելու ամենատարածված եղանակը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս