Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատունը Twitter-ում փաստաթուղթ է հրապարակել. m.minval.az
Պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ:
Այս մասին գրում է ադրբեջանական m.minval.az-ը:
Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Կոնֆլիկտի կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում, նրա՝ միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում»,- ասված է փաստաթղթում:
Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմ է կոնֆլիկտի լուծման փուլային ճանապարհին, որը հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, մասնավորապես՝ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման վրա:
Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:
Դրան պետք է հետևի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը:
Փաստաթղթում ասվում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ:
Այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:
«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է հռչակագրում:
Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը