Քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը
«Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» վերտառությամբ համաժողովին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնեց, որ քննարկում են «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում» աղջիկներին ընդունելու հարցը:
«Վերջերս «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստն էր, և մենք ամենայն լրջությամբ քննարկում ենք աղջիկներին այնտեղ ընդունելու հետ կապված հարցը: Մի քանի տեխնիկական հարց ունենք լուծելու՝ կացարանի հետ կապված, մոտ ապագայում փորձելու ենք այն լուծել»,- նշեց Բալայանը:
Պաշտպանության փոխնախարարն այս համատեքստում շարունակեց, որ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի աշխատակազմի մեծ մասը կանայք են, և նրանք տղամարդ գեներալներին կարողանում են այնպիսի հարցադրումներ անել, որ կատարումը չի հապաղում: