Կաթողիկոսը դիմել է քույր եկեղեցիների պետերին՝ դատապարտելու ոճրագործի ազատ արձակումը
Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:
Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով և մտահոգությամբ անդրադարձավ Բուդապեշտում 2004 թ. ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը և հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին խստիվ դատապարտում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահի որոշմամբ ներման միջոցով ոճրագործին արդարացնելու փաստը: Կատարվածը հերթական դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության: Ցավոք, ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներ դավանող ԵՄ անդամ Հունգարիան` ոտնահարելով եվրոպական արժեհամակարգի բարոյական նորմերը, պախարակելի համագործակցությամբ սատարեց Ադրբեջանում հերոսացված մարդասպանին ազատ արձակելու նենգ ծրագրին, որը հղի է ազգային և կրոնական պատկանելության հողի վրա սպանությունների վտանգով: Մարդկային կյանքը աստվածատուր է, և կանխամտածված մարդասպանության ոճրագործությունը` ոճիր մարդկության և Աստծո դեմ:
Կոչ ենք ուղղում Հայ Եկեղեցու բոլոր սպասավորներին, աշխարհասփյուռ մեր ժողովրդի հավատավոր զավակներին միասնական ոգով բողոքի իրենց ձայնը հնչեցնելու տեղական հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև` հանուն մեր ազգային իրավունքների պաշտպանության: Դիմում ենք նաև մեր Քույր Եկեղեցիներին և կրոնական բոլոր կազմակերպություններին` դատապարտելու այս իրողությունը և իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության և ճշմարտության»:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև խնդրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այս առնչությամբ դիմելու կրոնապետերին, ինչպես նաև առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների և կրոնական ու հասարակական կառույցների ղեկավարներին: