ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրինագծին
Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
«Նախատեսվող առաջին փոփոխությունը վերաբերում է մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողների համար լիցենզավորման պարտավորության ժամկետին, երկրորդը վերաբերում է պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետի փոփոխությանը, նախատեսվում է այն ևս մեկ տարով հետաձգել, որպեսզի լիցենզավորման գործընթացն անցնելուց հետո տնտեսավարողները ևս մեկ տարի ժամանակ ունենան պատրաստվելու սույն պատշաճ բաշխման հավաստագրով նախատեսված փոփոխություններն իրականացնել ու անցնցում անցում կկատարեն»,- ասաց Ավանեսյանը:
Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նոյեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 61 կողմ, 14 դեմ և 10 ձեռնպահ ձայներով: