«Եթե մեր պարիսպը քանդեն՝ 6-8 մետր հողի փլուզում կլինի». «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրեն
Դավիթ Անհաղթի 8 հասցեում գտնվող «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրեն Հրանտ Երիցյանը դեռևս մեկ շաբաթ առաջ ահազանգել էր՝ նշելով, որ հարակից տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով փլուզվել է գործարանի պարիսպը, որը գործարանին ծառայել է մի քանի տասնամյակ:
«Մեր գործարանի պարսպի շուրջ 100 գծային մետր երկարությամբ երեք 16-հարկանի բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն են տվել: Միակողմանի շենքեր են կառուցում, հետնամասում փակ պատ է: Շենքերի տակ 150 մետր երկարությամբ, 29-31մ լայնությամբ ավտոկայանատեղի է: Տարբեր ժամանակահատվածներում «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունից զանգել են մեզ՝ խնդրելով թույլ տալ, որպեսզի մեր պարիսպը քանդեն, հետո՝ վերականգնեն: Կարծում եմ, որ իրենք ունեն նաև մակերեսի խնդիր: Մենք էլ ասել ենք, որ թույլ չենք տալիս պարիսպը քանդել: Իրենց բանվորին ասել ենք, որ թույլ ենք տալիս պարիսպն օգտագործել՝ ինժեներական ամրացումներ կատարելուց հետո: Իսկ նոյեմբերի 21-ի առավոտյան մեր գործարանի պարսպից այդ 150 մետր երկարությունից արդեն 18 մետր իրենք փլուզել են. տեղ կա՝ 5 մետր, տեղ կա՝ 10 մետրից ավելի քանդված է: Հիմա վտանգի տակ է մնացած 132 գծային մետր պարիսպը: Կոչ ենք անում, որպեսզի դադարեցնեն պարսպի քանդումը: Պարսպի ամրացումը ֆինանսական միջոցներ է ենթադրում, սակայն չեն ուզում փող ծախսեն և անարխիկ ձևով քանդել են մեր պարիսպը:
Խախտվել է անվտանգությունը, տեղի է ունեցել 18 մետր երկարությամբ պարսպի հողային փլուզում»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Հրանտ Երիցյանը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից էլ՝ մեզ հետ զրույցում ասել էին, թե անպայման կգնան ահազանգի հետքերով, քանի որ պետք է ուսումնասիրեն տեղանքը, ձեռք բերեն քաղաքաշինական փաստաթղթերը, հասկանան՝ դրանք ճի՞շտ են տրված, թե՞ ոչ:
«Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրենից հետաքրքրվեցինք՝ խնդիրը լուծվե՞լ է, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից այցելե՞լ են, թե՞ ոչ:
«Դեռ չեն եկել: Մենք Երևանի քաղաքապետարանի թեժ գծին էլ էինք զանգել, թաղապետարանից ինչ-որ մեկը եկել-նայել ու գնացել էր, վերջ: Գուցե մյուս կողմի փաստաթղթերը գնացել և նայել են, չգիտեմ, բայց մենք որևէ ինֆորմացիա, ցավոք, չունենք:
Հիմա շինարարական աշխատանքները շարունակվում են, բայց պարսպից մի փոքր հեռու: Ճիշտն ասած՝ մենք դատի ենք տվել, և Քաղաքապետարանից փաստաբանը պահանջել է գծագրերը: Իրենք միշտ պնդում են, որ մեր պարիսպը պետք է քանդեն և հետագայում նորը կառուցեն, բայց եթե մեր պարիսպը քանդեն՝ 6-8 մետր հողի փլուզում կլինի:
Հետո ինչո՞ւ պետք է մեր պարիսպը քանդեն: Նախագիծը պետք է այնպես անեին, որ պարսպից հեռու լիներ: Կամ էլ՝ պարսպի ամրացման տարբեր եղանակներ, ինժեներական լուծումներ կան, նախօրոք այդ լուծումները պետք է տային, նոր աշխատանքներ կատարեին: Ինչ-որ անարխիկ վիճակ է ստեղծվել»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Երիցյանը:
Անի Կարապետյան
Հ.Գ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին հայտնեցին, որ խնդրով արդեն զբաղվում են, ուստի մանրամասների մասին կհայտնեն ավելի ուշ։